Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում, որտեղ 2-րդ շաբաթն է՝ աշակերտները դասադուլ են իրականացնում, ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Բնակիչներից մեկն
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ 3 օր առաջ, երբ հերթական դասադուլն է եղել, գյուղ են ժամանել պարեկները։ Վիճաբանություն է սկսվել աշակերտների ծնողների և պարեկների միջև։
«Մեր գյուղացիներից մեկը թեթև հարվածեց պարեկին, բայց ոչ մի բան չի եղել, ո՛չ կոտրվածք ունի, ո՛չ քերծվածք․․․ Հիմա դրանով ահ են տալիս, ասում են՝ դուք եք կազմակերպել, որ երեխեքը դպրոց չգնան, եթե դասապրոցեսը չվերականգնվի, պարեկին հարվածելու համար դատի կտան։
Բացի այդ, ասում են՝ «օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր երեխայի ծնողից 30 հազար դրամ կպահանջենք՝ դպրոցից անհարգելի բացակայության համար»։ Պատկերացնո՞ւմ եք, ահ են տալիս, թե կտուգանեն, եթե շարունակենք մեր բողոքը»,- ասաց Բագարանի բնակիչը»։
Oragir.News-ը կապ հաստատեց Բագարանի վարչական ղեկավար Իշխան Գալոյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ դասապրոցեսը վերականգնվել է։ Ինչ վերաբերվում է գյուղացու կողմից պարեկին հարվածելուն, Գալոյանը որևէ տեղեկություն չուներ։
«Եթե նման բան եղած լիներ, ես կիմանայի»,- ասաց նա։
Հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ ծնողներին սպառնացել են 30․000-ական դրամով տուգանել, եթե երեխաներին չուղարկեն դպրոց, վարչական ղեկավարը պատասխանեց։
«Դե դա միանշանակ ասեմ, որ օրենքը թույլ է տալիս, որ կիրառեն։ Ծնողը իրավունք չունի երեխային չթողնի դպրոց գնալ»,- ասաց վարչական ղեկավարը՝ չհերքելով մեր տեղեկությունը։
Իսկ աշակերտն իրավունք ունի՞ «ժողովրդավար» երկրում իր բողոքն արտահայտելու, հարցրեցինք Բագարանի գյուղապետին։ Պատասխանեց․
«Միանշանակ, միանշանակ։ Բայց ես գտնում եմ, որ երեխան չպետք է բացակայի դպրոցից»։
Բայց չէ՞ որ 2018 թվականին նույն այս իշխանությունը նաև աշակերտներին էր կոչ անում փողոց դուրս գալ։ Ո՞նց է հիմա տուգանքով սպառնում։ Այսինքն, երբ իրենց էր պետք՝ կարելի՞ էր։
«Այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց Բագարանի վարչական ղեկավարը։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահամանում է՝
«Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը (բացի սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավախախտումներից)` առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղի դպրոցի աշակերտները 2-րդ շաբաթն է՝ դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի իերնց դպրոցը չփակեն։