Արմավիրի հիվանդանոցը կարծես՝ ղասաբանոց լինի․ զոհված զինծառայողի մայրը՝ Ավանեսյանին

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:00 19-09-2024
Զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի։

Ծնողներից մեկը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ զրույցում բողոքեց, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 13-ին, շտապօգնություն է կանչել, քանի որ իր աղջիկը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն շտապօգնության բժշկուհին հոգատար վերաբերմունք չի դրսևորել, պատշաճ օգնություն չի տրամադրել անհարգալից է վարվել զոհված զինծառայողի ընտանիքի անդամների հետ։

«Վերջում էլ մեզ ասացին, որ 10 հազար դրամ պետք է վճարենք։ Ասում եմ՝ ի՞նչ եք արել, որ 10 հազար դրամ եք պահանջում։ Էն էլ էս չխմած Հոկտեմբերյանում, որ որպես ղասաբանոց է հայտնի մեր հիվանդանոցը»,- բողոքեց ծնողը, ով ամեն շաբաթ բողոքի ցույցի է մասնակցում իր որդու հարցով։

Նախարարը խոստացավ զբաղվել քաղաքացու բարձրացված խնդրով և պատասխանատվության ենթարկել զոհված զինծառայողի ծնողի և ընտանիքի անդամի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած բուժաշխատողներին։

Մանրամասները՝ տեսանյութում