Ընդդիմադիրները Երևանի ավագանի են գալիս` «Սուպեր մամա»-ի սցենարներ գրելու համար
copy image url

Ընդդիմադիրները Երևանի ավագանի են գալիս` «Սուպեր մամա»-ի սցենարներ գրելու համար

Ներքին 7 ամիս առաջ - 22:30 12-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ցանկացած քաղաքակիրթ երկրում, որտեղ գերակայում է օրենքը, և այն գերակայում է հենց արևմտյան երկրներում, ոչ թե փտած Ռուսաստանում, կիրառվում է օրենքը, իսկ մենք կիրառել ենք հենց օրենքի պահանջը՝ ընդամենը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց կուսակցությունը, լինելով արևմտյան արժեքների ջատագով, աջակցում ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու նախաձեռնությանը, երբ արևմտյան ոչ մի երկրում նման նախադեպ չկա։

Անի Խաչատրյանը շեշտում է, որ ընդդդիմադիր խմբակցությունների անդամներին օրենքի պահանջով են մանդատներից զրկել․ «Մարդ, ով չի հարգել պետական ապարատը, մարդ, ով արհամարհել է քաղաքացու կողմից իրեն տրված քվեն, նորից եմ ասում՝ օրենքի բոլոր կետերով հեռացել է ավագանու համակարգից»։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների այն հակափաստարկներին, որ իրենք էլ ժողովրդից մանդատ ստացել, իսկ քաղաքային իշխանությունը, իրենց մանդատներից զրկելով, արհամարհում է իրենց օգտին քվեարկած տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեն՝ «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն ընդդիմությանը կոչ արեց օրենքի նախագիծ բերել խորհրդարան և փոխել օրենքը։ Նրա խոսքով՝ այս պահին կա գործող օրենք, որն իրենք կիրառում են, իսկ եթե կլինի այլ օրենք, ապա կկիրառվի այդ օրենքը․

«Հետևաբար՝ մենք Հայաստանի Հանրապետության ցանկացած օրենք պահում ենք իր գծով։ Բացի այդ, որ ասում են զրկում եք մանդատներից, դա մի փոքր ծիծաղելի է։ Այն քաղաքական ուժերը, որոնք ցուցակ կազմելիս առաջին մի քանի համարներից հետո էնքան որ թիվ են լցրել, որ մասնակցեն ընտրություններին, հենց իրենք են ամենաբարձրը գոռում։ Օրինակ ես պատրաստ եմ, որ մեր ավագանու խմբակցության 8 անդամներից 8-ն էլ հրաժարվեն մանդատներից, և երբ հաջորդ 8 անդամները գան ավագանի՝ մեր կուսակցության քաղաքական գիծը նույնությամբ տանելու է, հաջորդը 8-ը՝ էլի նույնն են անելու։ Ուստի կրկնում եմ՝ ես և մեր քաղաքական ուժը պատասխանատու ենք մեր ցուցակի առաջինից մինչև վերջին համարի համար»։

Խաչատրյանը շեշտում է, որ ժողովուրդը ձայն է տվել տվյալ քաղաքական ուժին և ոչ ոք քաղաքական ուժից իր ստացած մանդատները չի խլում։ «Ընդամենը քաղաքական ուժի այն ներկայացուցիչներն են զրկվում մանդատներից, ովքեր չեն պահում օրենքի կետը, հաջորդ համարը՝ նորից իրենց քաղաքական ուժից է գալու, էնպես որ այդ աղմուկն ու շահարկումներն իրենք անում են նրա համար, որովհետև իրենք պատասխանատու են ցուցակի 3-4 անդամների համար, իսկ հաջորդ համարներին չեն էլ ճանաչում»,- ասաց նա՝ նշելով, որ ցուցակները կամայական սկզբունքով են կազմվել։

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե իրենց քաղաքական ուժի անդամը զրկվեր մանդատից, ապա հաջորդ անդամը կրկին իրենց ցուցակից է գալու ավագանի և վերջինիս հետ պատրաստ է նույն կերպ աշխատել։ «Եթե ավագանու նիստերից չի բացակայում Արտակ Զեյնալյանը, այդ դահլիճում ոչ ոք քաղաքական ու բարոյական իրավունք չունի բացակայել նիստերից ու նման հայտարարություններ անել։ Այդ դահլիճում 65 ավագանու անդամ կա, բայց 64-ից գեթ մեկը Արտակ Զեյնալյանի մակարդակի ու կենսագրության հետ չի կարող ոտք մեկնել։ Հետևաբար՝ նորից եմ ասում՝ եթե Արտակ Զեյնալյանը չի բացակայում, ապա այդտեղ բացակայելու իրավունք չունի ոչ ոք»,- պնդում է նա։

Oragir.News-ի հարցին՝ եթե իրենց խմբակցության որևէ անդամի նույն պատճառով մանդատից զրկեն, ապա անձամբ կողմ կքվեարկի՞ նախագծին՝ Անի Խաչատրյանը դրական պատասխանեց և շեշտեց, որ անձամբ նման նախագիծ կբերի, քանի որ Երևանի ավագանիում իր 8 տարվա գործունեության ընթացքում միայն 1 անգամ է նիստից բացակայել՝ ջրծաղիկի պատճառով, ինչի համար բժշկի տեղեկանք է ներկայացրել։

Ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդումներին, որ իրենք օգտվում են նիստերը բոյկոտելու իրենց քաղաքական իրավունքից՝ Անի Խաչատրյանը նշեց, որ իրենք՝ «Ելք» խմբակցության կազմում բազմիցս քաղաքական բոյկոտ են իրականացրել, 1 նիստի ժամանակ լքել են նիստերի դահլիճը, շապիկներով են բոյկոտ իրականացրել, սակայն դա արել են խմբակցության ողջ կազմով։ Ըստ նրա՝ 1 անձը, ով ընտրվել է քաղաքական ցուցակով, չի կարող բոյկոտ իրականացնել։ «1 հոգին չի կարող քաղաքական բոյկոտ իրականացնել, բոյկոտ անում են ողջ թիմով։ Հետևաբար այստեղ չկա քաղաքական բոյկոտ, այստեղ՝ քաղաքապետարանի ընդդիմադիր քաղաքական ուժերի թիմերում շունն ու կատուն վիճակն է, իրենք ընդդիմադիր են սեփական թիմերում, կեսը գալիս են, կեսը՝ ոչ։ Նույնիսկ վերջին նիստին, երբ Մարությանի թիմակցին զրկում էին մանդատից, խմբակցության մի մասը դահլիճում էր, մյուս մասը՝ դուրս եկավ։ Այնպես որ ամեն ասված է դրանով»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց՝ անգործությունը չի կարելի բոյկոտի անվան տակ անցկացնել․ «Եթե չեն գալու նիստերին, չեն մասնակցելու Երևանի զարգացմանը, թող հրաժարվեն մանդատներից։ Այդ ժամանակ արդեն կհասկանամ, որ բոյկոտ է, սակայն ոչ, իրենք բոլորն էլ պայքարում են մանդատի համար, որպեսզի երբեմն գան ու ինքհաստատվեն այդ ամբիոնից։ Ամբիոն, որտեղ ինքնհաստատվում են քաղաքական շոուներով, «Սուպեր մամա» ներկայացումների անոնսներ են գրում, «Կիսաբաց լուսամուտներ»-ով ու նման զանազան ներկայացումներով»։

Անի Խաչատրյանը հավելեց, որ Երևանի ավագանու ամբիոնը քաղաքական ամբիոն է, որն ընդդիմադիրներն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար, իսկ իրենց աշխատանքը երևանցիների որևէ խնդիր լուծման հետ աղերս անգամ չունի։






Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում