ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-11-ը ճանաչողական այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաբժշկական հաստատություններ: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Այցի շրջանակում պատվիրակության ղեկավարը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմաբժշկական գլխավոր վարչության, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի ռազմաբժշկական վարչությունների պետերի հետ։
Ռազմաբժշկական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի հոսպիտալներ, ցամաքային զորքերի և օդուժի ռազմաբժշկական ուսումնական կենտրոններ։ Պատվիրակության անդամները ծանոթացել են ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին, նորագույն բուժսարքավորումներով հոսպիտալների հագեցվածությանը, հետևել այդ սարքավորումների միջոցով բժշկական միջամտությունների իրականացման գործընթացին, բժշկական տարհանման ու բժշկական մատակարարման կազմակերպման մոտեցումներին։