Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սինգհը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ներքին 7 ամիս առաջ - 16:01 11-09-2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սինգհը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման և տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը: Երկուստեք ընգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում: