Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ նիստում ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանի հետ, ում կարծիքով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չունի որևէ լիազորություն։
«Մեր երկրում դեռևս 2017 թվականից կա պետական մարմինների իրավասությունները հստակ ձևակերպող օրենք։ Ոչ մի նախարարության և ավիացիայի հետ կապ ունեցող որևէ օրգանի տրված չէ այդպիսի իրավասություն և պարտականություն զբաղվել կոմերցիոն թռիչքների իրականացմամբ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջին օրվանից խառնել է բորշը մսամթերքի հետ։ Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ թռիչքը կիրականանան միայն այն դեպքում, երբ դա ՀՀ-ի համար լինի ռազմավարական նշանակություն ունեցող թռիչք լինի։ Ես դրա մեջ երկրի շահը չեմ տեսնում, եթե ձեռք կտա,կանեն, ու դա կանեն առանց ՏԿԵ նախարարի ելույթի։
Կառավարությունը ուզում է հերթական թոզը փչել ժողովրդի աչքին, որ տեսեք՝ ձեր համար Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք թռիչք ենք բացել։ Տարբեր ուղղություներով թռնում են մարդիկ ԱՄՆ»,-ասաց Ճաղարյանը։
Մասնագետի խոսքով՝ Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ թռիչքը ոչ մի պարագայում չի կարող ձեռնատու լինել։
«Սեզոնային կարող է լինել մի քանի ուղիղ թռիչք, բայց առհասարակ՝ ոչ։ Սա փիար ակցիա է։ Հարցը չի մտնում ՏԿԵ նախարարի իրավասությունների մեջ։ Սա պարզապես աչքակապություն է պետկան փողերի հաշվին»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր․ «Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։ Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև այնտեղ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց պատասխան պետք է տրվի։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»: