Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը
copy image url

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը

Ներքին 7 ամիս առաջ - 17:50 10-09-2024
Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Նախագիծը ներկայացրեց «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։

Նրա խոսքով՝ Երևանի նախորդ գլխավոր հատակագծում կային ձևակերպումներ, որոնք խնդիրներ էին ստեղծում այլ գերատեսչությունների ու քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Դրանք առնչվել են գրանցված իրավունքներին, որոնք Հողային օրենսգրքի և գլխավոր հատակագծի դեպքում չէին համադրվում։

«Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ ճանապարհներ, փողոցներ»,-ասաց զեկուցողը։

Երևանի նոր գլխավոր հատակագծով որոշ սահմանափակումներ են իրականացվել բակային տարածքների մասով։ Դրանք ամրագրվել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, որպեսզի համայնքային հողերի վրա չիրականացվեն նոր կառուցապատումներ։ Ճշգրտվել են մայրաքաղաքում առկա այգիների ցանկը և դրանց մակերեսները։ Որպես հատուկ պահպանվող՝ կանաչ տարածքի կարգավիճակ է շնորհվել Հրազդանի կիրճին, որը ներառվել է սահմանափակումների մեջ է՝ հետագայում այնտեղ ցանկացած տիպի կառուցապատումները բացառելու նպատակով։

Առկա ելակետային նյութերի հիման վրա թարմացվել է Երևանի ճանապարհափողոցային ցանցը, քանի որ, ըստ Սեդոյանի, անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ, որոնք որևէ փաստաթղթում արձանագրված չեն եղել ճիշտ հետագծով։

Ամենից շատ դիտված