ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամենատարբեր մեթոդներով փորձում են քաղաքացիներին բերել հարկային դաշտ, ըստ երևույթին՝ նրանց հերոսացնելու համար, քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ «Հերոսը հարկ վճարող քաղաքացին է»։
Վերջին շրջանում հարկային դաշտ են բերվել նաև շոուբիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև օնլայն գովազդ իրականացնող անձինք, այդ թվում՝ բլոգերները և տիկտոկերները։
Օրերս բլոգերներից մեկը հայտարարեց, որ ՊԵԿ-ում յուրաքանչյուր բլոգերի կցել են 1 աշխատակից, ով ամենօրյա ռեժիմով պետք է ուսումնասիրի իրենց էջերը և պարզի, թե որքանով են վերջիններիս հայտարարագրած եկամուտները համապատասխանում իրականությանը։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ևս ակտիվ գործունեություն է ծավալում Տիկտոկում, ավելին՝ հաճախ գովազդում է ամենատարբեր ընկերություններն ու անհատ տնտեսվարողներին, սակայն նրա՝ հարկ վճարելու մասին որևէ տեղեկություն չկա։
Օրինակ՝
Հուլիսի 13-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում Փաշինյանը երեխաներին պաղպաղակ է բաժանել, որտեղ հստակ երևում է ապրանքանիշը՝ «Pink Berry»։ Գուցե սա որակեն թաքնված գովազդ, սակայն նման դեպքերը բազմաթիվ են։

Նույն օրը Փաշինյանն այցելել է «Կովկաս ագրո» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիներ և գովազդել այն։
Հուլիսի 26-ին Փաշինյանն այցելել է «Ալմոնդ ագրո»-ի նշի այգիներ և գովազդել այն։

Օգոստոսի 8-ին և 11-ին Փաշինյանը գովազդել է Տավուշում՝ Վազաշեն և Այգեհովիտ գյուղերում մրգեր վաճառող առևտրականների ապրանքները, ներկայացրել գները։
Օգոստոսի 21-ին էլ Յուրիկ Մարգուլյանի բոստանից գովազդել է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը։
Եվ այսպես շարունակ․․․
Oragir.News-ի տեղեկություններով Փաշինյանը հարկ չի վճարում, ուստի ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեցինք, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը Տիկտոկում գովազդ անելու համար հարկ վճարո՞ւմ է, թե՞ ոչ։
«Բայց ո՞վ է ասում, որ վարչապետը գովազդ է անում։ Ի՞նչ է նշանակում Տիկտոկում գովազդ անել, վարչապետն այց է անում տարբեր կազմակերպություններ, մենք դա լուսաբանում ենք, դա ընդհանուր տնտեսական ներդրումային ծրագրերի ծանոթություն է, դա գովա՞զդ է»,- պատասխանեցին վարչապետի աշխատակազմից, ապա հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյնաը հարկ վճարո՞ւմ է թե՞ ոչ, միայն այո կամ ոչ պատասխանեք, մանրամասների համար մենք գրավոր հարցում կուղարկենք, մեզ հետևյալ պատասխանը տվեցին․
«Ես չունեմ այս պահին այդ տեղեկությունը, գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք»։
Սա հաստատում է տեղեկությունը, որ Փաշինյնաը հարկ չի վճարում, այլապես միանգամից կհայտնեին այդ մասին։
Oragir.News-ը տեղեկություն ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել նաև ՊԵԿ լրատվության վարչություն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Փաստացի՝ Տիկտոկում 40 հազարից ավելի հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը հարկ չի վճարում այս կամ այն ընկերությունը կամ անհատ տնտեսավրողներին գովազդելու համար։
Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի Կառավարություն, պատասխանը լինելուն պես՝ այն կհրապարակենք։