Փաշինյանը խախտում է օրենքը, ոտնահարում ազգային ինքնասիրությունն ու սադրում քաղաքացիներին
copy image url

Փաշինյանը խախտում է օրենքը, ոտնահարում ազգային ինքնասիրությունն ու սադրում քաղաքացիներին

Միտք Ներքին 7 ամիս առաջ - 10:00 27-08-2024
Ազգային գիտակցություն չունեցողի համար եռագույն դրոշը լաթի կտոր է, կարմիր-կապույտ-նարնջագույնի համադրություն։ Այնինչ՝ ՀՀ պետական դրոշը առանձնակի հարգանք է պահանջում։ Այն չի կարելի կենցաղային իրերի վրա պատկերել։ Չի կարելի եռագույնի վրա այլ պատկերներ ավելացնել։ Սա պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, մանավանդ` պետություն ներկայացնող քաղաքական գործիչը։

Երեկ, օգոստոսի 25-ին, Սևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մի խումբ հեծանվորդների արշավի մասին հրապարակված տեսանյութերում ու նկարներում երևում է, որ Փաշինյանի գուլպաները եռագույն եզրագծված են, իսկ նրա մարզավարտիքին եռագույնը շրջված տեսքով է։ Եվ այդ շրջված եռագույնի վրա էլ Արագած լեռը հիշեցնող պատկեր է տպված։ Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այսպես անարգում է եռագույնը։

Այս նկարներն ու տեսանյութերը, բնականաբար, հանրային քննարկման առարկա են և մեծ վրդովմունք առաջացրել պետական գիտակցություն ունեցող, ազգային խորհրդանիշների նկատմամբ հարգանք պահանջող քաղաքացիների շրջանում։ Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը ցուցադրաբար փորձում է վիրավորել մարդկանց ազգային ինքնասիրությունը, սադրել քաղաքացիներին, որ ստանա համարժեք վերաբերմունք իր նկատմամբ ու իշխանությունից հեռանալու հիմքեր ունենա։ Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝ Փաշինյանն այս ամենը միտումնավոր չի անում, և նրա հագուստն ընտրող, նրա իմիջով զբաղվողները նրա միջոցով գործում են նրա և Հայաստանի Հանրապետության դեմ։

Պատերազմներով անցածները լավ են հասկանում դրոշի նշանակությունն ու տեղը։ Դրոշը պաշտպանելու, դրոշն ազատագրված դիրքում պարզելու համար մարդկային կյանքեր են զոհաբերվել։ Այս տեսանկյունից ևս Նիկոլ Փաշինյանի՝ դրոշի հանդեպ կատարված արարքը խիստ քննադատելի է։

ՀՀ դրոշի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված է՝ «Սույն հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության դրոշի և դրա պատկերի գործածման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը»: Կառավարության որոշումներն ու նախաձեռնությունները հրապարակվում են։ Չկա կառավարության որևէ որոշում, որով թույլատրվել է Նիկոլ Փաշինյանին եռագույն գուլպա ու վարտիք հագնել։ Չկա նաև իրավական ակտ, որով փոխվել է դրոշի տեսքն ու եռագույնի վրա հայտնվել է Արագած լեռը։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից եռագույն եզրագծված գուլպա ու վարտիք հագնելը, եռագույնի վրա սարեր, լեռներ նկարելը օրենքի խախտում է և համարժեք պատասխանատվություն է ենթադրում։

Պետական դրոշը նաև մեր անկախության պայքարի խորհրդանիշներից է։ 1988-90-ականների շարժումների հազարավոր ականատեսները կարող են վկայել, թե ժողովրդի ազատության համար մղված շարժումն ինչ ոգևորություն է հաղորդել։ Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանի եռագույն եզրագծով գուլպան ու վարտիքը անհարգալից վերաբերմունք են անկախության պայքարի, անկախության գաղափարի, անկախության պայքարի մասնակիցների հանդեպ։

Հարկ է հիշել նաև, թե Նիկոլ Փաշինյանը կառավարման առաջին տարիներին ինչպես վիրավորեց շարքային մի քաղծառայողի, որի հարևանությամբ դրոշը ոչ պատշաճ դիրքում էր դրված սենյակում։ Խեղճ քաղծառայողի գլխին թափվեց այնպիսի մի հոխորտանք, կարծես վերջինս Հայաստանի ամենամեծ թշնամին լիներ։ Իսկ հիմա բազմաթիվ ազգային պարտությունների և նահանջների գլխավոր պատասխանատուն եռագույն եզրագծված գուլպա ու վարտիք է հագնում, Արագած լեռ է պատկերում եռագույնի վրա։ Այս առումով ևս Փաշինյանի արարքը խիստ պախարակելի է։

Ամփոփելով, արձանագրենք, որ Փաշինյանն այս արարքով խախտել է Դրոշի մասին ՀՀ օրենքը, ոտնահարել է դրոշը պաշտպանելու զինվորական նվիրումը, անկախության համար պայքարը և բազմաթիվ բարոյական նորմեր։ Հետևաբար՝ եթե Փաշինյանի ընդդիմախոսները սկզբունքային գտնվեն, ապա իրավական գործընթաց կնախաձեռնեն այս դրվագով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի