Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, որը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, 6 ամիս շարունակ գտնվում էր կալանքի տակ, իսկ ապրիլի 5-ից նա տնային կալանքի տակ է։ Այսօր դատարանը քննելու է Բազեյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու հարցը։
Այս կապակցությամբ Ալբերտ Բազեյանը հայտարարել է, որ եթե կրկին իր կալանքը երկարացնեն՝ իրեն զրկելով տեղաշարժից և իր սահմանադրական իրավունքներն իրացնելուց, ապա չի ենթարկվելու որոշմանը:
Oragir.News-ն այսօր՝ օգոստոսի 22-ին, կապ հաստատեց Ալբերտ Բազեյանի հետ՝ պարզելու, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել, եթե դատարանը երկարաձգի իր տնային կալանքը։
«Սա իշխանության քաղաքական պատվերն է։ Այդ պատվերով ու հրահանգով ինձ վրա շինծու գործ են հարուցել և 6 ամիս կալանավորել, 5 ամիս էլ պահում են տնային կալանքի տակ, որպեսզի ես չկարողանամ որևէ կերպ մասնակցել ընդդիմադիր շարժումներին։ Ես համարում եմ, որ ես քաղբանտարկյալ եմ եղել։ Ես չեմ ենթարկվելու, եթե ևս մեկ անգամ փորձեն երկարաձգել իմ տնային կալանքը։ Դա լինելու է անարդարացի և ոչ իրավաչափ որոշում»,- շեշտեց նա։
Բազեյանի խոսքով՝ նա 5 ամիս շարունակ փորձում էր առերեսվել Արմեն Հարությունյանի հետ, ում ԱԱԾ-ն ուղղորդել էին իր դեմ ցուցմունք տալ։
«Ես դատական նիստի ժամանակ հարկ եմ համարել մեղադրող քննիչին պարզաբանել, որ «գաղափարական թշնամանք» հասկացողություն չկա։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ գաղափարական տարաձայնություններ ունեի։ Մինչև հիմա էլ ունեմ։ Ի վերջո՝ մարտի 6-ին վերջապես առերեսում են անում Արմեն Հարությունյանի հետ։ Նրան ես առաջին անգամ էի տեսնում։ Նա հայտարարեց, որ ինձ հեռակա կարգով է ճանաչում՝ որպես քաղաքական գործիչ, ֆիզիկապես չի շփվել և ոչ մի առնչություն չի ունեցել։ Ասում եմ՝ այ Արմեն, որ դու ինձ չես ճանաչել, ո՞նց ես իմ դեմ ցուցմունք տվել։ Լեզուն կապ էր ընկել։ Սակայն քննիչը հետագայում գրում է, որ առերեսման ժամանակ վկան պնդել է իր նախաքննական ցուցմունքը։
Հայաստանում չկա արդարադատություն և անկախ դատարան։ Դատավորները վերևից հրահանգված են։ Իշխանությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցույցեր, երթեր և բողոքի ակցիաներ կազմակերպելու իրավունք ունի։ Չկա որևէ իշխանություն, որը չունենա ընդդիմություն։ Իմ փաստաբանն ինձ տեղեկացրեց, որ այսօր գալու են և իմ ոտքից հանեն այն չիպը, որն իրենց ազդանշան է տալիս։ Հեռախոսի նման մի սարք են դրել մեր տանը։ Սեպտեմբերի 5-ից կարող եմ դուրս գալ և մասնակցել բոլոր ընդդիմադիր քաղաքական միջոցառումներին»,- ասաց Բազեյանը։
Բազեյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ նա նույնպես հետագայի հետ կապված ծրագրեր ունի։
«Ես ունեմ մոտավորապես 250 սուբյեկտների ցուցակ, որոնք կարող են պիտանի լինել՝ ապագա Հայաստանի քաղաքական, սոցիալական, անվտանգային ու ռազմական զարգացումն ապահովվելու համար։ Պլանավորում եմ կազմակերպել համաժողով և ձևավորել համահայկական միացյալ դաշինք, որին ժողովուրդը կտեսնի որպես այլընտրանք այսօրվա իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանված է, քանի որ նրա դեմ պայքարում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ինչքան Սերժն ու Ռոբը մնան քաղաքականության մեջ, Նիկոլը նրանցով պաշտպանված կլինի։ Ո՛չ Սերժը, ո՛չ Ռոբը, ո՛չ Նիկոլը, ո՛չ Լևոնը․ հայ ժողովրդի մեջ կգտնվեն շատ մարդիկ, ովքեր կլինեն ավելի կրթված, ավելի տեսքով և ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, քան Նիկոլ Փաշինյանն է անում»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Բազեյանը 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է։