Նիկոլ Փաշինյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, իր թիմակիցների ուղեկցությամբ այցելել էր Արարատի մարզ և շրջել տարբեր համայնքներով։
Հատկանշական է, որ Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում կառավարության ղեկավարը շրջանցել է Տիգրանաշեն բնակավայրը, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման առարկա է դարձել, քանի որ, ըստ քաղաքական դաշտում շրջանառվող պնդումների, Փաշինյանի կառավարությունը այն պատրաստվում է հանձնել Ադրբեջանին՝ որպես հերթական զիջում։
Բազմաթիվ քաղաքացիների և քաղաքական գործիչների համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Տիգրանաշենը շրջանցելը վկայում է այն մասին, որ գործող իշխանությունները Ադրբեջանին հերթական միակողմանի զիջումն են կատարելու՝ փոխարենը ոչինչ չստանալով։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ, Նիկոլ Փաշինյանը, Տիգրանաշենը շրջանցելով, Ադրբեջանին մեսիջ հղեց, որ այն վիճելի տարածք է, և նրա շուրջ բանակցությունները շարունակվում են։
«Սա առաջին դեպքը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում և բնականաբար պատահականություն չէ։ Միգուցե հենց միտումնավոր է արվել դա՝ Ադրբեջանին ցույց տալու համար, որ ինքն այդ գյուղը շրջանցել է և ինչ-որ քայլ է կատարել՝ դեպի Ադրբեջան։
Կարծում եմ՝ Փաշինյանը Տիգրանաշեն գյուղը եթե ոչ ադրբեջանական, ապա վիճելի տարածք է համարում, դրա համար էլ ցուցադրական գնում է գյուղեր և շրջանցում Տիգրանաշենը՝ դրանով մեսիջ հղելով Ադրբեջանին, որ գյուղի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս քայլով նա Հայաստանի հասարակությանը նախօրոք հոգեբանորեն պատրաստում է, որ սա վիճելի տարածք է և դրա շուրջ բանակցություններ են ընթանում»,- ընդգծեց քաղաքագետը։