Ցրված սկլերոզ հիվանդությունը բավականան մեծ տարածում ունի աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այն լուրջ ազդեցություն ունի մարդու առողջության վրա, քանի որ ախտահարում է նյարդային համակարգը, բերելով դրա գործառույթների խաթարմանը, ինչն էլ կարող է ընդհուպ մինչև հաշմանդամության հանգեցնել։
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր:
Oragir.News-ը հիվանդության վերաբերյալ մանրամասներ պարզելու համար զրուցել է Առողջապահության նախարարի՝ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի հետ։
- Ի՞նչ է ցրված սկլերոզը։- Ցրված սկլերոզը աուտոիմուն բորբոքային նյարդաբանական հիվանդություն է։
- Ի՞նչ ախտանիշներ ունի այս հիվանդությունը։- Հիվանդության ախտահարումը հիմնականում գնում է հենց կենտրոնական նյարդային համակարգի սպիտակ նյութի ուղղությամբ։ Գորշ նյութում բջիջներն են, սպիտակ նյութում բջիջների խիտ դասավորված նյարդաթելերն են։ Երբ մենք ունենում ենք այդտեղ օջախների առաջացում, այս հիվանդության ժամանակ վնասվում են տարբեր ուղիներ։ Հետևաբար, կախված նրանից, թե ինչ ֆունկցիա կատարող ուղիներն են վնասվում, մենք կարող են շատ տարբեր նշաններ ունենալ։
-
Ցրված սկլերոզն ունի նաև հենց ցրված ախտանիշներ։ Օրինակ՝ կարող է տեսողական խանգարում զարգանալ։ Այսինքն՝ մի աչքի տեսողությունը կարող է խամրել, վատանալ, գլխապտույտ կարող է առաջանալ, մի վերջույթը կարող է թմրել, թուլանալ, դեմքը թմրի կամ երկու ստորին վերջույթը կարող է թուլանալ։ Հիվանդությանը ուղեկցող նշանները շատ են։
- Կա՞ արդյոք տարիքային շեմ այս հիվանդության համար․ ովքե՞ր են ռիսկային խմբում։- Հիմնականում 20-ից մինչև 50 տարեկան դիապազոնն է, բայց նկարագրված են դեպքեր, երբ ավելի տարեց մարդկանց մոտ է ի հայտ գալիս այս հիվանդությունը կամ ավելի փոքր հասակում։
Հիվանդությունը ավելի շատ է հանդիպում դեպի հյուսիս և ավելի արևմուտք։ Դեպի հասարակած և արևելք հիվանդության տարածվածությունը քչանում է։ Այստեղ կարող է նաև դեր խաղալ վիտամին D-ի ստացած չափաբաժինը կյանքի ընթացքում, բայց ոչ միայն դա։ Նույնիսկ նկարագրված են ընտանեկան դեպքեր, այսինքն կարող է դեր խաղալ նաև ժառանգականությունը։ Հիվանդությունն ունի նաև տարբեր կլինիկական ձևեր, և դրանից կախված մենք կարող ենք ընտրություն կատարել այս կամ այն դեղորայքի ուղղությամբ։
- Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի մարդը հասկանալու համար՝ ունի՞ տվյալ հիվանդությունը, թե՞ ոչ։- Շատ տարբեր հետազոտություններ կան, բայց հիմնական և կարևորներից է գլխուղեղի և ողնուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որով մենք հայտնաբերում ենք այդ ախտահարման օջախները և նաև ժամանակի հետ կարողանում ենք հասկանալ, թե ինչ ընթացք ունի հիվանդությունը, արդյո՞ք առաջացել են նոր օջախներ, և ինչքան թարմ են դրանք։
- Ի՞նչ ռիսկեր ունի հիվանդությունը․ արդյո՞ք կարող է մահվան պատճառ դառնալ։- Գլխավոր ռիսկը կամ բարդությունը այն է, որ հիվանդությունը կարող է լինել նաև բավականին ագրեսիվ և արագ բերի պացիենտի հաշմանդամության։ Գլխավոր խնդիրը այստեղ այն է, որ շատ պացիենտներ երիտասարդ են և այս հիվանդության պատճառով կարող են դառնալ անաշխատունակ կամ էապես սահմանափակ իրենց հնարավորություններում։ Դա լուրջ բեռ է պետության և հասարակության ուսերին, ինչը որոշակիորեն կարելի է նվազեցնել ժամանակակից դեղերի շնորհիվ։
Ժամանակակից դեղորայքային հնարավորություններով, եթե իհարկե դրանք հասանելի են, հաշմանդամացումը և մահվան դեպքերը բավականին նվազել են։ Սակայն առաջ բուժումը սահմանափակվում էր պացիենտին հորմոնային հակաբորբոքային դեղերը տալով, բայց արդյունքում հիվանդությունն իր բուն ընթացքով գնում էր և եթե հաճախ էին գրոհները, այն կարող էր հանգեցնել բավականին լուրջ հաշմանդամացման։ Պացիենտը չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գամվում էր սայլակին և այդտեղից եկող շատ այլ բարդություններ էին առաջանում։ Օրինակ՝ թոքաբորբ, միզային ինֆեկցիաներ, պառկելախոցեր և դրանցից եկող ավելի լուրջ հետևանքներ։
- Ցրված սկլերոզը վերջնական բուժում ունի՞, թե մինչև կյանքի վերջ պետք է դեղեր օգտագործել։- Վերջնական բուժում կամ ապաքինում՝ երևի թե ոչ, բայց ներկայումս շատ մեծ առաջխաղացում կա բուժման հարցում։ Տարբեր մեխանիզմներով աշխատող դեղեր են հայտնվել, որոնք կտրուկ մեծացրել են բժիշկների հնարավորությունները այս կամ այն ձևով ընթացող ցրված սկլերոզը առնվազն կանգնեցնելու, եթե ոչ՝ բարելավելու վիճակը։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է վաղ փուլում դրանք սկսելը։ Հատկապես լավ արդյունքներ են գրանցվում գրոհային ընթացքով ցրված սկլերոզի դեպքում։ Սակայն լինում են դեպքեր, երբ դեղերը չեն օգնում, բայց հուրախություն և՛ բժիշկների, և՛ պացիենտների դրանք այդքան էլ շատ չեն։ Օրինակ վատ է ենթարկվում բուժմանը պրոգրեսիվող (հարաճուն) ցրված սկլերոզը, սակայն նույնիսկ այդ տեսակի դեմ ներկայումս կան շատ արյդունավետ, թեև թանկարժեք դեղեր, որոնք շնորհիվ ԱՆ-ի ներկայացված են ՀՀ-ում և համապատասխան պացիենտներին են տրվում անվճար։
Գոհար Անանյան