Բաթումից ՀՀ ժամանած ուղևորների ուղեբեռները օդանավակայանում անհետացել են ուղևորների բեռը չեն բարձել․ քաղաքացիները ահազանգում են՝ «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն՝ արդարանում
Ավիաընկերությունների և տուրիստականների հաճախորդների ահազանգերի շղթան օրեր շարունակ չի դադարում։
Այսօր՝ օգոստոսի 12-ին, հերթական գրառումը տարածվեց ֆեյսբուքյան հարթակում, որն այս անգամ կապված էր Բաթումի-Երևան թռիչքի հետ։
Քաղաքացին ահազանգում է, որ նրանց ուղեբեռը չի վերադարձել Երևան և «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ-ն էլ դրա մասին չի զգուշացրել ուղևորներին․
«Եկել եմ ասեմ, որ երբեք չճամփորդեք «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերության հետ: Մեր՝ երեկվա Բաթումի-Երևան թռիչքի ուղևորների ուղեբեռը չեն բերել, գիշերվա կեսին մարդիկ անիմաստ սպասում են, իսկ իրենք անգամ զգուշացնել են ալարում: Խնդրի մասին պատահաբար ենք իմացել: Բայց, եթե բարեհաճեն ուղեբեռը (որը բերելու համար վճարվել է) բերեն, ապա մենք պետք է գնանք օդանավակայան, որովհետև «ավիաընկերությունը առաքում չունի»։ Լու՞րջ, իսկ եթե ես մարզից եմ կամ մեկնում եմ տրանզիտով։ Զանգերին չպատասխանելու մասին ավելորդ է խոսել։ Չի կարելի այսքան փնթի ու անպատասխանատու լինել։ Ու հարցը ուղեբեռը չէ, այլ վերաբերմունքն է»,- գրել է օգտատերը։
Oragir.News-ը կապ հաստատեց Armenian Airlines ավիաընկերության վերգետնյա ծառայության ղեկավար Անուշ Մենդերեզյանի հետ, ով մեզ հետ զրույցում պարզաբանեց տեղի ունեցածը։
Նրա խոսքով՝ խնդիրը եղել է Բաթումի օդանավակայանի աշխատակիցների անփութությունը կամ՝ օդանավակայանի ծանրաբեռնվածությունը, քանի որ հաշվառման ժամանակ ուղեբեռը նորմալ ձևակերպվել են․
«Ուղևորները հաշվառումը անցել են նորմալ, ուղեբեռը հանձնել են։ Ընդհանուր 67 կտոր ուղեբեռ է եղել չվերթի վրա։ 67 կտորից 46 կտորը Բաթումիի օդանավակայանում աշխատակիցները բարձելու ժամանակ չեն բարձել՝ մնացել է Բաթումիի օդանավակայանում։ Այսինքն ավիաընկերությունը նախապես չէր կարող տեղյակ լինել, որ չի բարձվել ուղեբեռը։
Մենք անմիջապես կապվել ենք Բաթումի օդանավակայանի հետ, մոտակա 301 չվերթով ամսի 15-ին 0005 46 կտոր ուղեբեռն էլ կուղարկեն Երևան։ Երևան ուղարկելուց հետո արդեն կորած իրերի բաժնում ուղևորների տվյալներով ըստ հասցեների առաքում կարվի»,- հայտնեցին Armenian Airlines-ից։
Անուշ Մենդերեզյանը նաև հավելեց, որ այս պահի դրությամբ կորած իրերի բաժնում պաշտոնապես ինֆորմացիա չկա, երբ լինի՝ ուղևորների հետ կապի դուրս կգան։ Մինչ այդ՝ ընկերության էլեկտրոնային հասցեին ուղղված ուղևորների նամակներին ընկերությունը պատասխանում է։