Մի քանի տարի է՝ Գյումրիում գործում է «Leo Art Studio»-ն։ Արվեստանոցում ցուցադրված են հիմնադիրների ձեռագործ աշխատանքները։ Հարցին՝ ինչով է պայմանավորված արվեստանոցի անվան ընտրությունը, համահիմնադիրները նշում են՝ առյուծի հետ կապ չունի․ Լևոն բառի կարճ տարբերակն է։
Oragir.News-ի հետ զրույցում արվեստի համահիմնադիրներից Տիգրան Գևորգյանը ներկայացնում է, որ այս պահին ինքը զբաղվում է հայկական ավանդական ծաղկամանների և սափորների շարքի ստեղծման ուղղությամբ․
«Զրոյից կպատրաստեմ հայկական կերամիկայով սափորների և վազերի կրկնօրինակների մոդելները, ինչից հետո էլ կստանամ կաղապարները, որոնք հիմք կդառնան նոր կերամիկայի ստացման համար։ Որոշ նկարազարդումներից հետ կստացվի վերջնական արտադրանքը։ Ընձի տրված է ազատություն, և սովորաբար կընտրում՝ ինչ պատրաստել՝ ելնելով մարդկանց հետաքրքրություններից նաև։ Վարպետաց դասերն էլ ես կանցկացնեմ․ կան մարդիկ, որ մի անգամ գուկան հաճույքի համար, բայց կան նաև դեպքեր, որ խորանանգը, ամիսներով գուկն ու էնքան գիտելիք կստանան, որ կռնան իրանց արվեստանոցը ստեղծեն։ Մի ռուս կին այցելու ունեինք, որը շուրջ կես տարի հաճախելով վարպետաց դասերի՝ ամբողջ տեխնիկային ծանոթացավ»։
Արվեստանոցի մյուս համահիմնադիրներից Լևոն Առաքելյանն էլ նշում է, որ ի սկզբանե գաղափարը բաց արվեստանոց ունենալն էր, որը մինչ այդ չէր եղել․
«Ունեցել եմ արվեստանոց, ուրտեղ նկարել եմ, հավաքվել ենք ընկերներով, քննարկումներ ենք ունեցել։ Էդ նույն տեղում հետո սկսեցինք բիզնես զարգացնել՝ կերամիկայով աշխատանքներ թողարկելով։ Ընթացքում գործերը շատցան, փոքր վառարան գնեցինք ու սկսեցինք թրծել։ Ավելի ուշ մեր էս տարածքը վարձակալեցինք, որը շուտվանից էի նկատել։ Ի վերջո, տեղափոխվեցինք մեր նոր արվեստանոց ու արդեն երկու տարի է՝ ստեղ կաշխատինք»։
Լևոն Առաքելյանը փաստում է՝ արվեստանոցում ստեղծագործական ազատություն է․ չկան սահմանափակումներ․
«Ով ինչ գաղափար ունի, կարող է կյանքի կոչել։ Արվեստանոցում կան նաև հայկական թեմատիկայով ավանդական գործեր, բայց շեշտը հիմնական դրված է ազատության վրա, ինչն էլ հնարավորություն է տալիս նոր, հետաքրքիր գործեր ստեղծելու։ Մենք էլ փորձեցինք ազատ գրաֆիկ ստեղծել, որ մեզ համար ավելի հարմար ու հաճելի լինի ստեղծագործելը։ Իմ գործառույթը ստեղծագործականն է, գլազուրապատումը, նկարազարդումը՝ վերջնական տեսք տալը»։
Արվեստագետը նշում է՝ ուզում են մնայուն և անկրկնելի աշխատանքներ ստեղծել․
«Գյումրին էսօր շատ են բռենդավորել, ամեն ինչի վրա գրենգը «Գյումրի» կամ «Սիրեմ գը», կվաճառեն, մենք չենք ուզե էդ ձևով աշխատինք․ կգերադասենք երկարատև պրոցեսի միջով անցնել, բայց ստեղծենք որակյալ ու հետաքրքիր գործ։ Մեզ մոտ էլ կա էդ սատիրան, բայց որակյալ է, դրա համար ժամանակ է պետք․ մի որակյալ գործ անելու համար շաբաթմ բդի ծախսես, բայց նույն ժամանակում կարող ես հարյուրավոր էժանագին բան ստեղծել ու արագ վաճառել, ինչի կողմնակիցը մենք չենք»։
Լևոն Առաքելյանը մատնանշում է նաև, որ բացի արվեստանոցային շարքերից՝ ցուցադրված են նաև իր հեղինակային աշխատանքները, որոնք նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում արվեստանոցում․
«Շեշտն ի սկզբանե դրված է եղել կրեատիվության վրա․ եթե շեշտը դնեինք բիզնեսի վրա, կենեինք էն, ինչի պահանջը մարդիկ ունին։ Ճիշտ է, Գյումրու թեման կարևոր է, բայց մեզի համար ավելի շատ կարևոր է ազատությունը՝ թեմա, որը բոլոր ազգերին է հետաքրքիր»,- եզրափակելով խոսքը՝ նշում է նա։
Լևոնի եղբայրը՝ Աբրահամը, որ ևս արվեստանոցի համահիմնադիրներից է, չնայած մասնագիտական այլ ոլորտի՝ արվեստում ևս ունի իր հետաքրքությունները։
Oragir.News-ի հետ զրույցում Աբրահամ Առաքելյանը անկեղծանում է՝ իրենց ցանկությունն է իրենց կողմից արտադրված հայկական ծաղկամանները տարածել ամբողջ աշխարհում․
«Այլ ազգերի՝ չինական, պարսկական, իրանական, թուրքական արտադրանքը արդեն շատ տարածում ունի Հայաստանում։ Մեր ցանկությունն է արտադրել այնպիսի վազեր, որոնցով կարողանանք ոտք գցել ամբողջ աշխարհի հետ։ Նախատեսել ենք տարածումն ապահովել կայքերով և ցուցահանդեսներով․ կան տարբեր ծանոթներ տարբեր երկրներում, որոնց հետ եղել են որոշակի քննարկումներ։ Արդեն նախատեսել ենք՝ վազաների մեջ կլինեն ձեռագործ տարբերակներ, որոնց կանվանենք արվեստանոցի անունով, իսկ մնացած տեսակի վազաները կնշվեն որպես պարզապես հայկական»,- եզրափակելով զրույցը՝ նշում է Աբրահամ Առաքելյանը։