Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք 3 օր նստացույց են անում ԱԱԾ շենքի մոտ, այս պահին Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ են և պահանջում են, որպեսզի իրենց եթեր տրամադրեն:
«Մենք մեր բողոքը ուզում ենք Հ1-ով բարձրաձայնվի: Այս պահին տասնյակ ծնողներ այստեղ են, բայց բազմաթիվ ծնողներ էլ ճանապարհին են, գալիս են՝ միանան մեզ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասացին ծնողները:
Նշենք, որ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել:
Հիշեցնենք, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ահազանգել էին, որ առանց իրենց համաձայնության ԴՆԹ համընկնում ունեցող տղաների անունները անհետ կորածների ցուցակներից հանվել է, ինչը նշանակում է, որ այլևս միջազգային հարթակներում հարցումներ չեն կարող ուղարկել։
Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց տղաների անունները կրկին ավելացնեն այդ ցուցակներում։
Նրանք հանդիպում են պահանջում նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ: Շուրջ 4 տարի իրենց տղաներից լուր չունեցող ծնողները հուլիսի 29-ին նստացույց հայտարարեցին ԱԱԾ շենքի մոտ և 3-րդ օրն է՝ գիշերում են այնտեղ: