Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար, որին տրանսվեստիտներ էին մասնակցել, գրում է The Telegraph-ը։
Բեմում, որը վերստեղծում էր Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացված էին տրանսվեստիտներ և կիսամերկ երգչուհի։ Սա սուր քննադատության է արժանացել քաղաքական գործիչների և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից:
«Փարիզ 2024»-ի ներկայացուցիչ Ան Դեշամն ասել է․ «Ակնհայտ է, որ մտադրություն չենք ունեցել որևէ կրոնական խմբի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել»:
Ըստ Դեշամի, բացման արարողությունը «նպատակաուղղված էր հասարակական հանդուրժողականությունը փառաբանելուն»:
«Մենք կարծում ենք, որ այս նպատակը ձեռք է բերվել։ Եթե մարդիկ ինչ-որ բանից վիրավորվել են, մենք շատ ենք ցավում»,- հավելել է նա:
Իր հերթին, բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ «տարակուսած է» շոուի նկատմամբ բացասական արձագանքից:
«Մեր նպատակը վնասարար չլինելն էր: Մենք երբեք չենք ցանկացել վնաս հասցնել: Մենք ուզում էինք խոսել բազմազանության մասին: Բազմազանությունը նշանակում է միասին լինել: Մենք ցանկանում էինք ներգրավել բոլոր ցանկացողներին: Ֆրանսիայում մենք ունենք ստեղծագործական ազատություն։ Մեր բախտը բերել է, որ ապրում ենք ազատ երկրում»,- հայտարարել է նա։