Այսօր՝ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Ջաջուռի ոլորաններում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի, Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց։
Մինչ քննչական խումբը աշխատում էր դեպքի վայրում հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ախուրյանի բաժին, որ երեխան գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց տղան էր, իսկ «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել և դա նկատել են պարեկները ու նրան բռնել են, ապա փորձել են տեղափոխել ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապ օգնության ավտոմեքենա ու բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ճանապարհին շտապ օգնության ավտոմեքենայի դուռը բացել և դիմել է փախուստի։
«BMW X3»-ի վարորդի հետ ևս մեկ հոգի է եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժին ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW X3»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ, ապա բախվել «Honda Fit»-ին։ «BMW X3»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Honda Fit»-ը գլխիվայր շրջվել է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: