Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ եւ 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Այս մասին տեղեկացնում է «Կրթություն» շաբաթաթերթը։
Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը եւ նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝ գովասանագրի:
Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը: Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) եւ Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ):