Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին կանցկացվի Խաղողի փառատոն։ Այն կազմակերպում է «Սիգմա» հոլդինգը՝ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։
Oragir.News-ի հետ զրույցում «Սիգմա» հոլդինգի հիմնադիր Դավիթ Ազարյանը մանրամասներ ներկայացրեց փառատոնի միջոցառումների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ փառատոնը նվիրված է Խաղողօրհնանքի տոնին։
«Մեր նպատակն է լայն հասարակությանը ներկայացնել հայկական սիմվոլներից մեկի՝ խաղողի նշանակության կարևորությունը մեր կյանքում։ Փառատոնին կմասնակցեն տեղական և արտասահմանյան բոլոր կազմակերպությունները և անհատները, որոնց արտադրանքն առնչվում է խաղողի հետ»,- ասաց Ազարյանը։
Թե ինչու է հենց Գյումրին ընտրվել փառատոնի անցկացման վայր, Ազարյանը շեշտեց՝ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, և ինչու ոչ՝ արվեստի համամայրաքաղաքը։
«Ընտրելով Գյումրին որպես Խաղողի փառատոնի անցկացման վայր, փորձել ենք համադրել, սերտացնել հարավային խաղողագործությունը և հյուսիսային արվեստը, քանի որ սա փառատոն է այն բոլոր արտադրանքների և ստեղծագործությունների, որոնք որևէ կերպ առնչվում են խաղողին։ Խաղողը, ինչպես նաև նուռը, համարվում են ազգային սիմվոլներ, և բացի ուղղակի միրգ լինելուց, մեծ ազդեցություն ունեն հայ մշակույթի և հոգևոր կյանքում»,- նշեց Ազարյանը։

Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց արտադրանքներն անմիջականորեն ներկայացնել ինչպես հազարավոր գյումրեցիներին, այնպես էլ քաղաքի հյուրերին, զբոսաշրջիկներին։ Կազմակերպչի խոսքով՝ հատուկ այդ փառատոնի համար կկազմակերպվեն տուրեր։
«Փառատոնի մասնակիցները կարող են օգտվել նաև ներկայացուցչական շնորհանդեսներից։ Հրապարակում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի փառատոնի մասնակցի տեսահոլովակը, գովազդը, ինչպես նաև կուղղորդի դեպի անհրաժեշտ տաղավար»,- նշեց նա։
Ցուցահանդես-վաճառքին զուգահեռ փառատոնի ամբողջ ընթացքում նախատեսված են համերգա-ժամանցային ծրագրեր։
«Մասնավորապես՝ հանդես են գալու ազգային երգի, պարի խմբեր, սիրված և ճանաչված կատարողներ և DJ-ներ։ Լինելու են նաև խաղողի տրորման արարողություն, գինիների համտեսում, կոկտեյլների պատրաստում, վարպետաց դասեր։ Ներկաները հրաշալի ժամանակ կանցկացնեն»,-ասաց կազմակերպիչը։
Հատուկ առանձնացված տաղավարներ են լինելու, որտեղ այդ օրերին վաճառվելու են ապրանքներ, որոնք տոնական օրվա հատուկ բաղադրիչն են կազմում։
Փառատոնի մուտքն ազատ է լինելու։