Հայրաքաղաք Գյումրիում այսօր՝ հուլիսի 20-ին, համայնքապետարանի կողմից անցկացվեց պանրխաշի մեծ փառատոն, որին մասնակցում էին 10-ից ավելի տեղական արտադրողներ, սրճարաններ և ռեստորաններ։
Փառատոնը համեմված էր ավանդական երգ ու պարով, իսկ երեկոն եզրափակվեց DJ-ի կատարումներով։ Տոնական տրամադրությունը, սակայն, անմասն չէր նաև անարդարությամբ, որն էլ շարժել էր փառատոնին մասնակցող տեղական արտադրողների մեծ մասի զայրույթը։
Բանն այն է, որ փառատոնի ընթացքում ներկայացված արտադրանքները մասնակցում էին համտեսողների քվեարկությանը, ինչը, սակայն, անցկացվեց ընտրակեղծիքներով․ մասնակից կազմակերպությունների սեփականատերերը կամ նրանց բարեկամ-ազգակիցները մեկ քվեաթերթիկի փոխարեն վերցնում էին 10-ը, 20-ը, 30-ը, և այսպիսով ազդում քվեարկությանը մասնակցող մյուս կազմակերպությունների հետ հավասար պայմաններով մրցելու հնարավորության վրա։
«Ամեն անգամ, երբ համայնքապետարանը փորձում է ինչ-որ լավ բան անել, ստացվում է ինչպես միշտ՝ վատ։ Իբր համայնքապետարանի աշխատակիցներ էին կանգնած խցիկի կողքին, բայց հենց իրենք էլ կազմակերպում և ուղղորդում էին ողջ անարդար պայքարը։ Վերջում էլ, իբրև թե սիրելու նշան, բոլորին հաղթող ճանաչեցինք»,-
Oragir.News-ի հետ զրույցում իր մտահոգություններով կիսվեց մասնակից կազմակերպություններից մեկի ղեկավարը։
Փառատոնի ավարտին Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, իր ելույթի ընթացքում կարևորելով մասնակից բոլոր կազմակերպությունների ներկայությունը և յուրաքանչյուրի ներդրումը փառատոնի կայացման գործում, շեշտեց՝ քվեարկությունները սին բաներ են, և որ բոլոր կազմակերպություններն էլ օրերս համայնքապետարանում կստանան իրենց հաղթական մրցանակները։
Պանրխաշի փառատոնը, թեպետ ոչ ցանկալի ավարտ ունեցավ մասնակից կազմակերպությունների համար, այնուամենայնիվ, հաջողվեց անցկացնել հայրաքաղաքում՝ ազգային երգ ու պարով, Գյումրուն և գյումրեցիներին բնորոշ սրամտությամբ ու կոլորիտով։
Մանրամասները՝ տեսանյութում։