«Էրեբունի վարչական շարջանում մի փլուզված տան մեջ էինք ապրում, երկրաշարժից փլուզվեց տունը։ Հայտնվեցին փողոցում»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմեց 27 տարեկան, 2 անչափահաս երեխաների մայր Անահիտ Խաչատրյանը։
Ընտանիքի մայրը պատմում է, որ տարիներ առաջ տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով կորցրել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող իր կիսակառույց տունը և հայտնվել դոմիկում, որտեղից մոտ օրերս ևս նրանց պատրաստվում են հեռացնել, քանզի տարածքը պատկանում է Երկաթուղային կայարանին։
«Էրեբունի վարչական շարջանում մի փլուզված տան մեջ էինք ապրում, երկրաշարժից փլուզվեց տունը։ Հայտնվեցին փողոցում։ Մի անծանոթ մարդ ասաց, որ կարող է օգնել դոմիկով։ Սակայն այստեղից էլ կարող են հեռացնել մեզ, քանի որ վտանգավոր տեղ է ու պատկանում է երկաթգծերին։
Չգիտեմ ինչ ենք անելու եթե գան մեզ այստեղից էլ հանեն։ Գնալու տեղ չունենք։ Այստեղ էլ ոչ ջուր ունենք, որ հոսանք, այս պահին էլ չվճարելու պատճառով անջատել են»,- ասաց ընտանիքի մայրը։
Անահիտ Խաչատրյանը նաև նշեց, որ նա բազմիցս դիմել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին, ով սակայն ոչնչով չի օգնել․
«Նրանք դեպքի մասին գիտեին, միայն նպաստով են օգնել, ուրիշ ոչնչով։ Հիմա անգամ դուռ եմ խնդրել դոմիկի համար, ասում են՝ չկա։ Սնունդով էլ անգամ չեն օգնում։ Ինձ մի սառնարան է պետք։ Ես էլ մշտական աշխատանք չունեմ։ Անհատ մարդիկ մեկ-մեկ կանչում են այգի գնում գործ եմ անում, խոտ եմ հավաքում, կամ տներ եմ մաքրում»,- ասաց նա։
Զրույցից նաև պարզ դարձավ, որ Անահիտը ամուսնալուծված է, ընտանիքի հայրը արտերկրից գումարով չի օգնում, երեխաներից 3-ամյա տղան առողջական խնդիրներ ունի, 5-ամյա աղջիկը եղբորը խնամելու և մորը օգնելու պատճառով այլևս մանկապարտեզ չի հաճախում։