Երեւանի Անգլիական այգում այսօր՝ հուլիսի 13-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցութամբ տեղի ունեցավ ընդունելություն:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ողջունելով հյուրերին, թվարկեց, թե ինչ է արել Ֆրանսիան տվյալ երկրի համար, ինչպես նաև ընդգծեց, թե ինչ է արել հայ ժողովուրդը Ֆրանսիայի համար:
«Հայ ժողովուրդը հարստացրել է մեր մշակութային ակունքները, իր բարեկամությամբ եւ հավատարմությամբ պատվել մեր երկիրը, մեզ տվել է դուստրեր և որդիներ, ովքեր նպաստել են Ֆրանսիայի կերտմանը: Տվել է նշանավոր անձանց, ինչպիսին շառլ Ազնավուրն է, ում հարյուրամյակը նշում ենք այս տարի: Հերոսներից Միսաք Մանուշյանն ու Մելինե Մանուշյանը, որոնց աճյուններն ամփոփված են պանթեոնում»,- նշեց դեսպանն իր խոսքում:
Դըկոտինյին խոսեց Ֆրանսիայի՝ Հայաստանին, նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը աջակցության ծրագրերի, ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ Հայաստան այցելությունների մասին:
«Ֆրանսիան եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում: Նախևառաջ մարդասիրական մակարդակով ցուցաբերելով օգնություն իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերին՝ չզիջելով արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքը»,- ասել է դեսպանը:
Ընդունելությանը ներկա էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց Ֆրանսիայի ժողովրդին Հուլիսի 14-ի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ։