Շահումի հարկի կարգը արդեն պարզ է. խաղային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո օրինագծերի փաթեթը լրամշակվել է
copy image url

Շահումի հարկի կարգը արդեն պարզ է. խաղային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո օրինագծերի փաթեթը լրամշակվել է

Ներքին 9 ամիս առաջ - 22:25 11-07-2024
Հունիսին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Խաղային գործունեության կարգավորման մասին» և կից օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ օրինագիծը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխությունների է ենթարկվել:

Հատկանշական է, որ առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր հարկել շահումով խաղերից օգտվողների ցանկացած շահում ու յուրաքանչյուր շահումը հարկել 10%-ով, ինչը, մասնագետների համոզմամբ, անտրամաբանական էր, քանի որ այդ դեպքում հնարավոր էր դառնում իրավիճակ, երբ քաղաքացին ավելի շատ հարկ է վճարում, քան կազմում է շահումը կամ մեկ այլ՝ ավելի ոչ տրամաբանական իրավիճակ, երբ քաղաքացին ելքագրման գումար չի ունենում, բայց հարկ է վճարում խաղարկված գումարի համար:

Այս կետը երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված նախագծում փոփոխվել էր: Պարզվեց, որ դա տեղի է ունեցել խաղային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու նրանց կողմից բարձրաձայնված հարցերի արդյունքում:

Սա պարզ դարձավ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ուղարկված գրությունից, որը եկել էր ի պատասխան Oragir.News-ի հունիսի 27-ի գրավոր հարցմանը: Մենք հետաքրքրվել էին՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ եղե՞լ են, հաշվի առնվե՞լ են վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները։ Բացի այդ ՊԵԿ-ից հետաքրքրվել էինք, թե առաջարկվող փոփոխությունները նաև ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկման արդյո՞ւնքն էին, թե՞ ոչ։

Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ օրենքի նախագծերը առաջին ընթերցումից հետո մինչև երկրորդ ընթերմամբ քննարկվելը լրամշակվել են՝ խաղային գործունեության ոլորտի կազմակերպիչների հետ կազմակերպված քննարկման արդյունքներով։

«Վերոնշյալ գրությամբ բարձրացված հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի փետրվարի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը մինչև ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգում երկրորդ ընթերցմամբ քննարկվելը խաղային գործունեության ոլորտի կազմակերպիչների հետ կազմակերպված քննարկման արդյունքներով լրամշակվել են և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024թ․ հունիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվել»,- հայտնել են ՊԵԿ-ից։


Այսպիսով քննարկումների արդյունքում անտրամաբանական կետերը դուրս են եկել օրինագծից և երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված օրինագծում առանձնացված է եղել հարկման երկու ռեժիմ՝ խոշոր շահում և ուղղակի շահում: Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ փոխանցել պետական բյուջե:

Շահումը պետք է արտացոլվի տարեկան հայտարարագրում, եթե տարվա ավարտին այն դրական մեծություն է:

«Երկրորդ ռեժիմը վերաբերում է տարեկան հայտարարագրին, եթե տարվա ընթացքում կատարված խաղադրույքների և ստացված շահման հարաբերակցությունը դրական է, այդ դեպքում արդեն տարեկան հայտարարագրով ֆիզիկական անձը պետք է արտացոլի որպես հարկվող եկամուտ և վճարի եկամտային հարկ՝ 5 տոկոս դրույքաչափով»,- իր խոսքում նշել էր Բադասյանը։

Ներկայումս ոլորտի ընկերությունները խոշոր շահումների դեպքում հարկման գործընթացը վերցրել են իրենց վրա՝ այսպիսով օգնելով օգտատերերին խոշոր շահումների դեպքում խուսափել հայտարարագրերի թոհուբոհից:


Ամենից շատ դիտված