«Սմարթ սիթի»-ն առաջադեմ համակարգ է, սակայն դրա համար միասնական հայեցակարգ է անհրաժեշտ
copy image url

«Սմարթ սիթի»-ն առաջադեմ համակարգ է, սակայն դրա համար միասնական հայեցակարգ է անհրաժեշտ

Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 22:30 09-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանը դառնալու է «սմարթ սիթի», որտեղ կատարվող ամբողջ աշխատանքն առցանց երևալու է։ Այս մասին նախօրեին տեղի ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանը նշեց՝ «սմարթ սիթի»-ն բավականին առաջադեմ համակարգ է, որը կիրառվում է աշխարհի բազմաթիվ քաղաքներում՝ մեգապոլիսներում։ Նրա խոսքով՝ աշխարհի մեծ քաղաքների կառավարման համար, որոնք ունեն 10-15 մլն բնակչություն, վաղուց տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառվում.

««Սմարթ սիթի»-ն քաղաքաշինական որոշակի կոնցեպտ է, հայեցակետ է, որտեղ ինտեգրված են տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաները։ Սա նշանակում է, որ քաղաքը, համայնքը համալրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, տեղեկատվական ցանց է ստեղծվում, որոնք նպաստում են քաղաքի առավել արդյունավետ կառավարմանը՝ խնդիրներին օնլայն տարբերակով արձագանքելով և դրանք կառավարելով»։

Անտինյանը Տիգրան Ավինյանի խոսքից հասկացել է, որ տեխնոլոգիաները, որոնք փորձում են ներդնել Երևանում, նոր չեն, դրանք այս պահին արդեն կան և որոշակի ոլորտներում փորձարկվում են։ «Մասնավորապես՝ քաղաքաշինական որոշ խնդիրներ ինֆորմացիայի առումով, խնդիր է դրված աղբահանության հետ կապված օպերատիվ կառավարում իրականացնել։ Այսինքն՝ այդ տեխնոլոգիական համակարգներն արդեն ներդրվում են։ Գաղափարը շատ ողջունելի է, բայց ես կարծում եմ, որ այս պարագայում պետք է լինի հայեցակարգային մոտեցում, պետք է լինի մեկ միասնական հայեցակարգ, որի շրջանակներում ենթակառուցվածքներն աստիճանաբար կավտոմատացվեն։

«Սմարթ սիթի»-ի գաղափարը հրաշալի գաղափար է, և կարծում եմ՝ մենք բոլորս էլ ուզում ենք ունենալ մայրաքաղաք, որը շարքային քաղաքացու համար կլինի շատ հարմարավետ քաղաք, միևնույն ժամանակ կլինի շատ ավելի գրավիչ մայրաքաղաք՝ օպերատիվ և արագ կառավարվող՝ ինչպես տրանսպորտային ենթակառուցվածքի, քաղաքի կոմունալ ենթակառուցվածքների, այնպես էլ զուտ տուրիստական առումով, որ նույն զբոսաշրջիկների համար քաղաքն ավելի գրավիչ ու հարմարավետ լինի»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե Երևանը պատրա՞ստ է այս համակարգի ներդրմանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ եթե կան տեղեկատվական և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, որոնք ներդրվում են և հեշտացնում են քաղաքի կառավարման գործը, առաջին հերթին օգնում են քաղաքային իշխանություններին, ինչպես նաև դրանք վերջին հաշվով նպաստելու են քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։ Նրա համոզմամբ՝ եթե քաղաքը դառնա ավելի հարմարավետ, տրանսպորտը դառնա ավելի կանխատեսելի, քաղաքը լինի մաքուր՝ հընթացս կառավարվի աղբահանությունը և աղբի կուտակման վերաբերյալ տեղեկատվությունը արագ տեղ հասնի ու կառավարչական մարմիններն արձագանքեն դրան, ապա կարծում եմ, որ բոլորս էլ կշահենք։

Կառավարման փորձագետը նկատում է, որ ոչ ոք պատրաստ չէ որևէ բարեփոխման, քանի դեռ չի ցանկանում այդ բարեփոխումն իրականացնել։ Նա նշեց՝ սա գործընթաց է, որն, իր համոզմամբ, պարտադիր կերպով պետք է իրականացվի, իսկ Երևանի պարագայում՝ առավել ևս.

«Երևանը տարիներ շարունակ կուտակել է ամբողջ հանրապետության ֆինանսական և տնտեսական ռեսուրսի զգալի մասը՝ գրեթե ⅔-ը, այստեղ է իրականացվում բավականին մեծ ծավալի կրթական գործունեություն, մեր գրեթե բոլոր պետական ու մասնավոր բուհերը գտնվում են Երևանում, այստեղ են դիվանագիտական ներկայացուցչություններն ու պետական մարմինները, բանկերի գլխամասերը և այլն։ Նման ծանրաբեռնված քաղաքի համար առանց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, առանց դրանց արդյունավետ կառավարման հնարավոր չէ էֆեկտիվ կառավարում իրականացնել։ Հիմա մենք կա՛մ պետք է գնանք այդ ճանապարհով ու դա հետևողականորեն իրականացնենք՝ դրսևորելով համապատասխան քաղաքական կամք, կա՛մ իրավիճակը չի փոխվի»։

Անտինյանը հավելեց, որ Երևանի պարագայում այլընտրանք չկա, և «սմարթ սիթի» դառնալու անհրաժեշտությունը կարծես հրամայական է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում