Ինչպես կտրել զիջումների շղթան և հայկական պահանջներ ներկայացնել
copy image url

Ինչպես կտրել զիջումների շղթան և հայկական պահանջներ ներկայացնել

Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:00 08-07-2024
Ադրբեջանական պահանջով Տավուշի սահմանամերձ որոշ տարածքների հանձնելուց հետո ադրբեջանական պահանջներն ավելացել են։ Բայց Նիկոլ Փաշինյանը հակադարձ որևէ պահանջ չի ներկայացնում, նախապայմաններ չի առաջադրում։ Հանրության շրջանում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն պատրաստ է կատարել Բաքվի բոլոր պահանջները, փոխարենը ոչինչ չպահանջելով։ Ի՞նչ հիմք ունի հանրային այս մտավախությունը։ Եվ հնարավո՞ր է կասեցնել զիջումների ընթացքը, կտրել զիջումների շղթան։

Մտավախության տրամաբանական հիմքը պարտվածի, կապիտուլյացիա ստորագրածի կարգավիճակն է, որը սահմանվել է 2020-ի նոյեմբերի 9-ին։ Այդ ժամանակ էր Փաշինյանը պարտավորվել հանձնել Տավուշի սահմանամերձ տարածքները։ Այդ մասին արձանագրված էր Նոյեմբերի 9-ի հայտարարության տարբերակներից մեկում, որը հետագայում խմբագրվեց։ Հետագայում Փաշինյանն, ինքն էր ասել, թե իր պահանջով է հայտարարության տեքստից հանվել Տավուշի սահմանամերձ գյուղերի և անկլավների հանձնման մասին տողը։ Սակայն այս տարի ռուսներն ու ադրբեջանցիները միասնական ջանքերով ստիպեցին Փաշինյանին հանձնել Տավուշի սահմանամերձ որոշ տարածքներ։ Նախ այդ մասին հայտարարեց Լավրովն, ապա Ադրբեջանի փոխվարչապետը վերջնագիր ներկայացրեց։ Այս հիմքով ենթադրելի է, որ Մոսկվան ու Բաքուն միասին Փաշինյանին նույն կերպով կպարտադրեն հանձնել նաև անկլավները։ Իսկ Փաշինյանը նույն կերպ կսպառնա ժողովրդին պատերազմով ու դրանք կհանձնի։ Ավելին՝ մտավախություն կա, թե Փաշինյանը դրանք կհանձնի առանց Արծվաշենի մասին հիշելու։ Այսինքն՝ ոչ թե փոխադարձաբար կհանձնվեն անկլավներն, այլ Փաշինյանը կհանձնի Ալիևի պահանջածը, փոխարենը ոչինչ չպահանջելով։

Փաշինյանի կողմից փոխադարձ պահանջներ չներկայացնելը բացատրվում է ոչ միայն պարտվածի կարգավիճակով, այլև 2018-ին Մոսկվային տված խոստումներով։ Դրանցով նա պարտավորվել է չփոխել արտաքին, անվտանգային քաղաքականությունը և ռուսական շահերին հակասող ոչինչ չանել։ Այս համատեքստում նա իրավունք ունի մերժելու Բաքվի այն պահանջները, որտեղ ակնհայտ ռուսական շահեր չկան։ Օրինակ՝ Փաշինյանից պահանջում են փոխել Սահմանադրությունը, հանելով Անկախության հռչակագրին վերաբերող հղումը։ Այս պահանջը աշխարհաքաղաքական նշանակություն չունի։ Այստեղ ռուսական շահ չկա։ Հետևաբար՝ Փաշինյանն առերևույթ մերժում է ՀՀ սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը։ Ավելին՝ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ նախապայման առաջ քաշելով, Բաքուն ցույց է տալիս, որ իր առաջ քաշած նախապայմանները թելադրված չեն Մոսկվայից։

Հայաստանը նաև հետաքրքրություն չի ցուցաբերվում Հարավ-հյուսիս ճանապարհի կառուցման վերաբերյալ, որը միջազգային, աշխարհաքաղաքական նանակություն ունի։ Այստեղ Հայաստանն ընդգծված անգործություն է ցուցաբերում, քանի որ այս ճանապարհների շահագործման վերահսկողության հարցը լուծված չէ։ ՔՊ-ական իշխանությունը չի ոզում կառուցել այնպիսի Հարավ-հյուսիս, որը դուրս կլինի ռուս-ադրբեջանական վերահսկողությունից։ Այսպիսով՝ Փաշինյանը կրկին կատարում է ռուս-ադրբեջանական պահանջները, սպասարկում վերջիններիս շահերը։

Հարկ է նկատել, որ Խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ արևմտյան հետաքրքրությունը կապված է միջազգային այս ճանապարհի հետ։ Այդ մասին ուղիղ ասել է նաև վերջերս Երևան ժամանած Օ'Բրայենը։ Եթե միջազգային ճանապարհը չի լինելու ՀՀ վերահսկողության հերքո, ապա խաղաղության պայմանագիրը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Արևմուտքին։ Նշենք, որ 2021-2022 թվականներին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիաների ժամանակ ռուս-ադրբեջանական ուժերը ՀՀ-ից որոշ տարածքներ զավթել են, որ ՀՀ-ն չկարողանա վերահսկել միջազգային ճանապարհները։ Եվ եթե ՀՀ-ն ակտիվորեն չի կառուցում այս ճանապարհն ու չի պահանջում դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից, ապա այդպիսով կրկին միակողմանի կատարում է ռուս-ադրբեջանական պահանջները։

Որքան էլ հուսահատեցնող է, բայց նկատելի է, որ քաղաքական ուժերի ներկա դասավորության և դիրքորոշումների պարագայում այլ կերպ չէր լինելու, քանի որ իշխանատենչ Փաշինյանը կաշկանդված է Մոսկվային տված խոստումներով, իսկ ընդդիմության նիշան զբաղված է եվրասկեպտիկների կողմից, որոնց իներցիայով անվանում ենք ռուսամետ։ Այս առումով՝ զիջումների պատրաստ և ռուսական շահեր պաշտպանող ներկայիս ուժերի իշխանության պահպանման ու վերարտադրման արտաքին շահառուներն են Պուտինն ու Ալիևը։

Սակայն կա նաև լավատեսություն, որ վաղվա իշխանությանը դա կհաջողվի, քանի որ զիջումների այս ընթացքը տեսականորեն հնարավոր է կասեցնել և հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Որպես առաջին քայլ՝ ՀՀ-ն պետք է մեծապես նվազեցնի ռուսական ազդեցությունը։ Դրանից հետո Արևմուտքի աջակցությամբ և՛ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մեկ ամսում, և՛ կարող է վերականգնվել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և՛ Հարավ-հյուսիսը արագ կկառուցվի, և՛ ՀՀ-ի առաջընթացի նոր հորիզոններ կբացվեն։ Այս ուղղությամբ անելիք կունենան և՛ քաղաքական մեշամասնությունը, և՛ ընդդիմությունը։ Վերջինի մի հատվածը կրկին կարող են լինել եվրասկեպտիկները։ Մեծամասնությունը կարող է վերանայել հայ-ռուսական պայմանագրերը, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել, անկախության պաշտպանության ուղղությամբ քայլեր անել, որոնցից հետո կարող է Բաքվին ներկայացնել պահանջներ և հասնել դրանց իրագործմանը Արևմուտքի ճնշման արդյունքում։ Իսկ եվրասկեպտիկները կարող են վերանայել իրենց մոտեցումները ՌԴ-ի հետ կապված, զրկելով Մոսկվային Հայաստանի վրա ազդելու քաղաքական գործիքներից։

Պարզ ասած՝ զիջումների շղթան կկտրվի ու հայկական պահանջները կբավարարվեն ԱԺ ընտրություններից հետո, եթե ժողովուրդն ընտրի այն ուժերին, որոնք կներկայացնեն անկախության պաշտպանության, ազգային իրավունքները վերականգնելու ծրագիր, որի առաջին քայլով կնախատեսվի դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց։

Թաթուլ Մկրտչյան