Ինչու է Հայաստանում հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել. տնտեսագետի կարծիքը
copy image url

Ինչու է Հայաստանում հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել. տնտեսագետի կարծիքը

Ներքին Խոսք Սպորտ 9 ամիս առաջ - 17:00 08-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը վերջին օրերին ահազանգեր է ստանում, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հեղուկ գազի գինը կրկնակի թանկացել է՝ 170-180 դրամի։

Հատկանշական է, որ մայիս-հունիս ամիսներին՝ Սրբազան շարժման ակտիվ շրջանում, հեղուկ գազի գինը կտրուկ նվազել էր, իսկ այժմ, երբ հանրահավաքներ տեղի չեն ունենում, այն կրկին թանկցել է։ Շատերն այստեղ միտում են տեսնում՝ պնդելով, որ մայիս-հունիսին հեղուկ գազի գինը իշխանության միջամտության արդյունքում էր նվազել, իսկ այժմ էլ վերջիններիս թողտվությամբ կրկին բարձրացել է։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ Հայաստանի հեղուկ գազի շուկայի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից առաջինը համաշխարհային շուկայում գազի գնի տատանումներն են։ Նա ասաց, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում գազի գինը համեմատաբար իջել է, ինչը, ըստ էության, էական ազդեցություն չի կարող թողնել ՀՀ-ում հեղուկ գազի գնի բարձրացման վրա։

Պարսյանը նշում է, որ մյուս կարևոր գործոնը արտարժույթի փոխարժեքների՝ ռուբլու և դոլարի տատանումներն են, որոնք նույնպես կարող են ազդել ներկրվող ապրանքի գնի վրա։ Նրա խոսքով՝ այստեղ նույնպես վերջին շրջանում կտրուկ փոփոխություններ չեն եղել, հետևաբար դա էլ չէր կարող ազդել։

Տնտեսագետի համոզմամբ՝ այս պարագայում հիմնական ազդող գործոնը եղել է տրանսպորտի՝ լոգիստիկայի խնդիրը։ «Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Չնայած հեղուկ գազով բեռնված բեռնատարներն առանց հերթի են անցնում, բայց այդ ճանապարհները լի են գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող բեռնատարներով ու մեքենաներով, որոնք կարող են որոշակի խնդիրներ ստեղծել հեղուկ գազի բեռնափոխադրումների համար։ Դրան գումարած նաև հազարավոր մարդիկ տուրիստական ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, կամ Ռուսաստանից այլ երկրներ, որոնք իրենց հերթին Վերին Լարսի անցակետում խցանումներ են առաջացնում»,- ասաց Պարսյանը՝ շեշտելով, որ Վերին Լարսի անցակետի անգամ կարճաժամկետ՝ 1 շաբաթ կամ 10 օրյա խցանումը կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի ներքին շուկայում։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանում վերջին ամիսների ընթացքում բավականին անտրամաբանական իրավիճակ էր ստեղծվել, երբ հեղուկ գազի արժեքն իջել էր մինչև 50-70 դրամ։ Նրա խոսքով՝ սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արժեք էր, քանի որ տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում.

«Ակնհայտ է, որ այդպիսի ցածր գներով վաճառելուց հետո շուկան որոշակիորոն մաքրվել է, փոքր խաղացողները դուրս են եկել, որովհետև այդ ցածր գնի պարագայում քիչ հավանական էր, որ նրանք կմնային։ Հիմնականում կրկին խոշոր խաղացողներն են շուկայում մնացել, որոնք շարունակում են գազ ներկրել և իրացնել։ Այսինքն՝ այստեղ շուկայի վրա կարող է նաև խաղացողների կենտրոնացումը»։

Oragir.News-ի հարցին, թե գազի սակագնի իջեցումը որքանո՞վ կարող էր պայմանավորված լինել Սրբազան շարժման ակտիվ փուլի հետ՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իր կարծիքով արժեքի տատանումները պայմանավորված չեն եղել այդ հանգամանքով։ Նա նշում է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունում գազի խնդիր կա, առկա է գազի վաճառքի թերակատարում, ինչի հետևանքով գազը վերածում են հեղուկի, որպեսզի կարողանան ավելի լայն աշխարհագրությամբ արտահանումներ իրականացնել։

«Ռուսաստանի ներքին շուկայում գազի գնի իջեցումը պայմանավորված է հենց այս հանգամանքով։ Բացի այդ, մայիս ամսին բեռնատարների այդպիսի հոսք չկար և Վերին Լարսի անցակետում ու ճանապարհներին խցանումներն ավելի քիչ էին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան