Համացանցում ակտիվ քննարկվում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» սպասվող բողոքի ակցիան, որի արդյունքում Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է «Ոսկե ծիրան»-ի այս տարվա պատվավոր հյուրի՝ կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի, հետ հանդիպումը։ Նկատենք, որ ամերիկյան դատարանը սեռական բռնության մեջ կասկածվող մեծ դերասանին անմեղ էր ճանաչել և արդարացրել։ Սակայն այս փաստը չի բավարարել սեռական բռնության դեմ պայքարող հայկական 10 ՀԿ-ներին, որոնք շարունակում են սպառնալ, որ ցույցեր կանեն հայտնի դերասանի դեմ։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ, ում կարծիքով այս բոյկոտը կապված է այն հասարակական կազմակերպությունների բողոքների հետ, որոնք չեն ընդունում տեղի ունեցածը, համաձայն չեն դատական եզրակացությունների հետ կամ չեն համարում բավարար դատարանի՝ արդարացման վերաբերյալ որոշումը։
«Մեր դիրքորոշումը դրա հետ կապված ակնհայտ է։ Այդ մարդուն հրավիրել ենք դատական որոշումներից հետո։ Հիմա Ամերիկյան համալսարանը, ըստ երևույթի՝ այլ տեսակետ ունի այդ ամենի շուրջ։ Բայց քանի որ սկզբում եղել է հաստատում, իսկ հետո չեղարկում, այդ իսկ պատճառով ենթադրում եմ, որ դա կապված է հաստատումից չեղարկում միջակայքում տեղի ունեցած զարգացումներով, որոնցով առաջնորդում են որոշ ՀԿ-ներ»,- ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Ամերիկյան համալսարանի դիրքորոշման արդյունքում Քևին Սփեյսիի հետ նախատեսված հանդիպումը տեղափոխվել է Կինոյի տուն։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Սփեյսիի դեմ բողոքի ակցիայի մտքից չի հրաժարվել և տեղեկացրել է, որ ցույցը Կինոյի տան մոտ կանեն։