9-ից մինչև 29 մլն դրամ․ ԵՊՀ ռեկտորն ուսանողների վճարած գումարներից շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում
copy image url

9-ից մինչև 29 մլն դրամ․ ԵՊՀ ռեկտորն ուսանողների վճարած գումարներից շռայլորեն դրամաշնորհներ է բաժանում

Ներքին 9 ամիս առաջ - 18:00 02-07-2024
Երևանի պետական համալսարանում հաճախ են հայտարարում, որ ուսանողներից հավաքագրված վարձավճարները չեն բավականացնում բուհի կարիքները հոգալու համար, ուստի ժամանակ առ ժամանակ կարիք է լինում բարձրացնել վարձավճարները։ Թեպետ ուսման վարձերի բարձրացմանը զուգահեռ բուհում տրամադրվող կրթության որակն էապես չի բարելավվում, իսկ ուսանողներն էլ մեծ դժվարությամբ են կարողանում դրանք վճարել, ամեն դեպքում ԵՊՀ-ի ՔՊ-ական ղեկավարությունը այս քաղաքականությունից չի հրաժարվում՝ ուսանողներին հուսադրելով, որ այս ճանապարհով համալսարանը կարող է հայտնվել աշխարհի լավագույն բուհերի ցանկում։

Չնայած այս ամենին, մշտապես ֆինանսական անբավարար միջոցներից դժգոհող ԵՊՀ ղեկավարությունը՝ ի դեմս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, վերջին տարիներին ուսանողների վճարած ուսման վարձերից առատորեն դրամաշնորհներ է շռայլել։

Oragir.News-ը ստորև ներկայացնում է, թե վերջին տարիներին մայր բուհում ինչպիսի ծրագրերի համար և ինչ արժողությամբ դրամաշնորհներ են հատկացրել, և հատկապես համալսարանականներից ովքեր են ղեկավարելու հիշյալ ծրագրերը․

«Լեռնային Ղարաբաղից բռնի վերաբնակեցված երեխաների հոգեբանական վիճակի գնահատման մեքենայական ուսուցման գործիքի մշակում և կիրառում» թեմայով հատկացվել է 9․730․000 դրամ արժողությամբ դրամաշնորհ։ Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն է, ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունվարի 9-ին և կավարտվի 2025-ի հունվարի 7-ին։

«Հակահայկական քաղաքականության և պետության նարատիվի առանձնահատկությունները Ադրբեջանում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո» թեմայով և 10․050․000 դրամ արժեքով մեկ այլ դրամաշնորհային ծրագիր էլ է հաստատվել, որը ղեկավարում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Այս ծրագիրը նույնպես 1 տարի ժամկետով է․ այն մեկնարկել է ընթացիկ տարվա հունվարի 9-ին և կավարտվի 2025-ի հունվարի 7-ին։

Կրկին Արցախի հարցով, այս անգամ «Արցախից բռնի տեղահանված ուսանողների ադապտացման տնտեսական և հոգեբանական խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով մեկ այլ դրամաշնորհային ծրագիր էլ ղեկավարում է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ Աննա Հակոբջանյանը։ Դրամաշնորհի բյուջեն 9․768․000 դրամ է, իսկ ժամկետը կրկին 1 տարի՝ 2024-ի հունվարի 9-ից մինչև 2025-ի հունվարի 7-ը։

«Արցախյան ավանդազրույցների գրառում, քարտեզագրում և շտեմարանավորում» թեմայով դրամաշնորհային մյուս ծրագիրի արժեքը 8․994․000 դրամ է, որը ղեկավարում է Հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի դոցենտ Նվարդ Վարդանյանը։ Ծրագրի ժամկետը կրկին 1 տարի է՝ 2024-ի հունվարի 9-ից մինչև 2025-ի հունվարի 7-ը։

«Արցախի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները» թեմայով և 10․050․000 դրամ ընդհանուր արժեքով դրամաշնորհային մյուս ծրագիրը ղեկավարելու է Պատմության ֆակուլետի Հնագիտության և ազգագրության ամբիոն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Ծրագրի ժամկետը կրկին 1 տարի է՝ 2024-ի հունվարի 9-ից մինչև 2025-ի հունվարի 7-ը։

ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեռևս նախորդ տարի 25․960․000 դրամ արժեքով դրամաշնորհ է հատկացվել՝ «ՀՀ տարբեր ջրային մարմիններում միկրոպլաստիկով աղտոտվածության գնահատում և այդ ազդեցության հետևանքով բիոինդիկատորային միկրոջրիմուռների վիճակի վերլուծություն» թեմայով։ Այս ծրագիրն ավելի երկարաժամկետ է՝ 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, և այն ղեկավարում է Կենսաբանության ֆակուլտետ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը։

Մյուս դրամաշնորհը «IV-XX դդ. հայկական քաղաքները հայ և գերմանական գրականության մեջ. միկրոպատմություն, նշանագիտություն, տիպաբանություն» թեմայով է։ Դրամաշնորհը, որի արժեքը 27․540․000 դրամ է, տևողությունը՝ 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ղեկավարում է Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Տիգրան Սիմյանը։

ԵՊՀ-ում դրամաշնորհ է հատկացվել նաև «Հիմնարար հետազոտություններից մինչև արդյունաբերություն. պրակտիկա և հեռանկարներ» թեմայով, որը ղեկավարում է Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը։ Դրամաշնորհը 2 տարի ժամկետով է՝ 2023-ի փետրվարի 17-ից մինչև 2025-ի փետրվարի 10-ը, իսկ բյուջեն կազմում է 10․5 միլիոն դրամ։

Հաջորդ դրամաշնորհը հատկացվել է «Ֆիտոմելիորացիան՝ որպես ՀՀ հանքարդյունաբերական շրջաններում ծանր մետաղներով աղտոտված հողերի կայուն օգտագործման հեռանկարային մոտեցում» թեմայով, տևողությունը՝ 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է։ Այս դրամաշնորհի բյուջեն ավելի խոշոր է՝ 29․100․000 դրամ, և այն ղեկավարում է Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանը նույնպես դրամաշնորհ է ղեկավարում՝ «Արդի միջազգային հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրներում» և «Հետազոտական մեթոդները մասնագիտական ոլորտում» դասընթացների բարելավման նախագիծ թեմայով։ Դրամաշնորհը կրկին երկամյա է՝ 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը, արժեքը՝ 10․050․000 դրամ։

Մայր բուհում ներքին դրամաշնորհ է հատկացվել նաև «Հայաստանի նախկին արդյունաբերական քաղաքների մորֆոլոգիան և քաղաքային տարածությունների մշակութային կառուցման տրամաբանությունը կայուն զարգացման հեռանկարում թեմայով», որի արժեքը 29․100․000 դրամ է։ Դրամաշնորհի ժամկետը 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է, այն ղեկավարում է Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սոնա Բալասանյանը։

Հաջորդ դրամաշնորհը «Խառը լուծիչներում կոլոիդային համակարգերի ուսումնասիրությունը լուսացրման մեթոդներով» թեմայով է և 23․730․000 դրամ արժեքով։ Դրամաշնորհը հատկացվել է 3 տարի ժամկետով՝ 2022-ի փետրվարի 11-ից մինչև 2025-ի փետրվարի 11-ը, և այն ղեկավարում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Ֆիզիկական քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանը։

ԵՊՀ-ում դրամաշնորհ է հատկացվել նաև «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» թեմայով, որը ղեկավարում է Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը։ Դրամաշնորհի ժամկետը կրկին եռամյա է՝ 2022-ի փետրվարի 11-ից մինչև 2025-ի փետրվարի 14-ը, իսկ բյուջեն կազմում է 23․760․000 դրամ։

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի ամբիոն վարիչ, պրոֆեսոր Կարեն Ավետիսյանը ղեկավարում է «Ֆունկցիոնալ տարածություններ և մասնակի ածանցյալներով հավասարումներ բազմաչափ իրական անալիզում» թեմայով դրամաշնորհը։ Այս դրամաշնորհի ժամկետը 2022-ի փետրվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ն է, իսկ բյուջեն կազմում է 29․700․000 դրամ։

«Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» թեմայով դրամաշնորհը ղեկավարում է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ ռեկտորն իր անվանակցի նկատմամբ նույնպես առանձնակի շռայլ է գտվել․ դրամաշնորհի բյուջեն 23․725․000 դրամ է, իսկ տևողությունը 2022-ի փետրվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը։

ԵՊՀ-ում դրամաշնորհ է հատկացվել նաև «Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում» թեմայով, որի բյուջեն կազմում է 23․670․000 դրամ։ Դրամաշնորհը ղեկավարում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, իսկ դրա տևողությունը 2022-ի փետրվարի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ն է։

Oragir.News-ը լավատեսորեն ակնկալում է, որ մայր բուհի ուսանողների վճարած վարձերից գոյացած միջոցներից շռայլորեն հատկացված գումարները չեն վատնվի, կծառայեն իրենց նպատակին և կնպաստեն ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը։ Հույս ունենք նաև, որ մայր բուհի ուսանողները կիրազեկվեն նաև, թե իրենց իսկ վճարած գումարներից հատկացված այս դրամաշնորհներով ինչ արդյունքներ են արձանագրվել, եթե իհարկե այդպիսիք այնուամենայնիվ կլինեն։