Ապօրինի կառույցի «առեղծվածը». ինչու՞ այն չի ապամոնտաժվում
copy image url

Ապօրինի կառույցի «առեղծվածը». ինչու՞ այն չի ապամոնտաժվում

Ներքին 9 ամիս առաջ - 19:07 27-06-2024
Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոն վարչական շրջանում գտնվող Պուշկինի 40 շենքի բնակիչներից մեկը 8-րդ հարկում աղբատարի հատվածում պահոց է սարքել, ինչն ապօրինի է։

Ընդհանուր օգտագործվող աղբատարը պահոցի վերածած բնակչուհին թույլտվություն չի վերցրել ո՛չ բնակիչներից, ո՛չ Քաղաքաշինության կոմիտեից, ո՛չ համատիրությունից, ո՛չ էլ պետական որևէ կառույցից։ Տևական ժամանակ շենքի մյուս բնակիչները բողոքում են, սակայն ապօրինի պահոցը դեռ չի ապամոնտաժվել։

«Իրենք ասում են՝ բնակիչներից 14 հոգի համաձայն են, որ մենք դա օգտագործենք։ Համատիրությունն ասում է՝ դա կապ չունի, ես թույլ չեմ տվել։ Դրան գումարած՝ ես ստորագրություններ ունեմ, որտեղ մարդիկ հստակ գրել են, որ իրենցից խաբեությամբ են ստորագրությունները հավաքել։ Իմ մոտ էլ 18 հոգի են դա ստորագրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պուշկինի 40 շենքի բնակիչներից մեկը։

Բնակչի պնդմամբ՝ արդեն մեկ ամիս է դիմել է քաղաքապետարան, սակայն այս հարցը դեռ չի լուծվել, շարունակում է օդում կախված մնալ։

«Քաղաքապետարանն ասում է՝ դա մեր իրավասությունների սահմանում չի, մենք իրավունք չունենք, ձեր համատիրության հարցն է։ Համատիրությունն ասում է՝ դա իմ հարցը չի, թաղապետարանի հարցն է։ Թաղապետարանն ասում է՝ համատարության խնդիրն է։ Իրար վրայից գցում են։ Մի խոսքով՝ և՛ Կենտրոնի համատիրությունը, և՛ թաղապետարանը, և՛ քաղաքապետարանը տեղյակ են, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Ըստ իս՝ համատիրության նախագահը գումար է վերցրել մեր հարևանուհուց»,- նա։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչը նաև հայտնեց, որ ինքն անձամբ թաղապետի մոտ այս հարցով ընդունելության է մտել։ Թաղապետը նշել է՝ «տարածքն ինչքան ձերն է, այդքան էլ՝ իրենցն է»։

«Թաղապետի մոտ անձամբ եմ մտել ընդունելության։ Ասաց՝ «գնացեք քանդեք, ինքը ոնց ապօրինի սարքել ա , դու էլ գնա քանդի»։ Ես երբ հաղորդումներ եմ նայում, նույն Կենտրոնի թաղապետը հելած, ընգած քուչեքը լիքը տեղերում ապամոնտաժում ա։ Շենքի ապօրինի պահոցը, որը խանգարում է, նույնիսկ վերելակին է կպնում, հոսանքը վառում է՝ հողանցում ապահովված չի, ինքը ոչինչ չի ձեռնարկում»,- ասաց նա։

Բնակչուհին Oragir.News-ին պատմեց, որ երեկ բանվոր է վարձել, որպեսզի նա օգնի քանդել ապօրինի շինությունը, սակայն բանվորը հայտնվել է ոստիկանությունում։

«Երեկ ես վարձու բանվոր եմ տարել, որ աշխատի։ Գնաց ոստիկանություն գրեց, էդ խեղճ բանվորին տարան ձերբակալեցին։ Իհարկե 6 ժամ հետո բաց թողեցին, որովհետև հանցակազմ չկար։ Մի փոքր մաս քանդեցինք իրենք արդեն հաղորդում տվեցին»,- եզրափակեց նա։

Խնդրի առնչությամբ Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով ասաց, որ ճշտումներից հետո կտեղեկացնի մեզ։

«Փորձեմ որոշակի ճշտումներ անել ու տեղեկացնել»,-ասաց նա։

Սակայն մեզ հետ նա կապ չհաստատեց և չպատասխանեց մեր զանգերին։