Մանդատները վայր դնելու քաղաքական էֆեկտը չափազանցված է. Հակոբ Բադալյան
copy image url

Մանդատները վայր դնելու քաղաքական էֆեկտը չափազանցված է. Հակոբ Բադալյան

Ներքին 10 ամիս առաջ - 23:59 12-06-2024
Հանրային քննարկման թեմաներից մեկն ընդդիմության մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանք ասում են, որ արտառոց ոչինչ տեղի չի ունենա, մի մասն էլ պնդում է, որ դա արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք է։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ տեղի կունենա, եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները։

Քաղաքագետը կարծում է՝ եթե հասարակական ճնշումը չի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ մանդատները վայրը դնելը կլինի, այսպես ասած՝ վերջին ակորդը, ապա մանդատները վայր դնելու հանգամանքը որևէ լուրջ խնդիր չի լուծի.

Անդրադառնալով մեր դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգն ունի կետեր, որոնք վերաբերվում են ընդդիմությանը և դրա բացակայության պայմաններում ԱԺ-ն դառնում է ոչ լիարժեք, քաղաքագետը նկատեց.

«Ես ինքս հանգամանալից ծանոթ չեմ ԱԺ կանոնակարգին և չգիտեմ այնտեղ ինչ կարգավորումներ կան։ Բայց ես կարծում եմ՝ եթե լինեին նման կարգավորումներ, որոնց դեպքում իսկապես մանդատները վայր դնելը այլ լուծում չէր թողնի, քան խորհրդարանի արտահերթ ընտրությունների գնալը, ապա այդ դեպքում հիմա մենք վաղուց ականատես կլինեինք այդպիսի քայլի։ Կամ համենայնդեպս այդպիսի շեշտադրումներով շատ ավելի մեծ պահանջ ընդդիմության համակիրները կդնեին հենց խորհրդարանական ընդդիմության առաջ»,- նշեց Բադալյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե խորհրդարանի ընդդիմությունը վայր է դնում մանդատները, ԱԺ կանոնակարգը, թերևս, չի նախատեսում աներկբա արտահերթ ընտրութուն։

«Կրկնեմ՝ այստեղ պետք է աշխատի հասարակական շատ լայն ճնշումը, որպեսզի այլ ուժեր, որոնք մասնակցել են ընտրությանը, մանդատները վայր դրած ընդդիմության փոխարեն չվերցնեն մանդատներ և չդառնան խորհրդարանի նոր ընդդիմություն։ Ես կարծում եմ՝ սա է պատկերը և մի քիչ գերագնահատված կամ չափազանցված է մանդատները վայր դնելու թե՛ հանրային, թե՛քաղաքական էֆեկտը։ Ինքը գուցե քարոզչական դաշտում ինչ-որ էֆեկտ կունենա, բայց եթե զուգահեռ չկա դինամիկ հասարակական ճնշման աճ, ես կարծում եմ՝ դրա էֆեկտը մեծ չի լինի։ Հետևաբար խնդիրը այդ դաշտում է»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված