Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման առաջիկա օրերի անելիքը և պահանջները։
«Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․
Քայլ 1.
Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Քայլ 2.
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։
Քայլ 3.
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։
Սրբազանը հայտարարեց, թե խաղալու ժամը չէ, պետք է գործել։
«Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների բոլոր հնարավոր տարբերակները, պատրաստ նաև քննարկելու այդ բոլորը։ Ընդամենը չորս օր՝ 96 ժամ, և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով՝ արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը, մեր գալիքին ու մեր հաղթանակներին»։