Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 8-ին, մեկնել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնք՝ ծանոթանալու աղետի գոտում իրականացվող աշխատանքներին։
Սանահին կայարան թաղամասում Փաշինյանին դիմավորել է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը և նրան ներկայացրել այնտեղ կատարված աշխատանքները։ Ուշագրավ է, որ երբ Նիկոլ Փաշինյանը մոտենում է քաղաքացիներին, ներկաներից մի կին սկսում է գովաբանել և շնորհակալություն հայտնել իշխանություններին՝ ի դեմս Արեն Մկրտչյանի և նշում, որ վերջինս աղետի առաջին օրվանից իրենց կողքին է։
Oragir.News-ին հայտնին դարձավ, որ սույն տիկինը Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Մանանա Անդրեևնան է։ Նա Սանահին կայարան թաղամասի բնակիչ է, ապրում է շենքերից մեկի 1-ին հարկում։ Փաստացի իշխանությունները, մասնավորապես Արեն Մկրտչյանը, Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հերթական շոուն է ապահովել՝ փորձելով հանրությանը ցույց տալ, թե աղետի գոտու բնակիչները կառավարության կատարած աշխատանքներից գոհ են, սակայն այս պատկերը հաջողվել է ստանալ բացառապես վարչական ռեսուրսի կիրառմամբ և պետական աշխատողների՝ տվյալ դեպքում դպրոցի փոխտնօրենի ներգրավմամբ։
Oragir.News-ի հետ զրույցում տեղի բնակիչները նաև հայտնեցին, որ այս ամենը «բեմադրվել է» Արեն Մկրտչյանի անմիջական ցուցումով։
