«Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազաբենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը. «Հետք»
copy image url

«Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազաբենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը. «Հետք»

Ներքին 10 ամիս առաջ - 09:54 07-06-2024
Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ «Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները։

Պայթել է Արզնու տրանսպորտային հանգույցի մոտ գտնվող լցակայանը

Չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե պայթյունը եղել է Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, մենք պարզել ենք, որ իրականում պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):

Այն, որ սա հենց այն լցակայանն է, որը պայթել է, կարող ենք ապացուցել՝ Փրկարար ծառայության լուսանկարներն ու համացանցում տարածված տարբեր տեսանյութերը համադրելով, օրինակ, «Mapillary» գործիքի միջոցով հասանելի պատկերների հետ:

Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:

Արգելանքներ, սնանկության գործ
Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Ըստ այդմ՝ վերջին արգելանքը դրվել է ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:

Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Ստացվում է՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։

Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը։ Վերջինս սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում, որոնք երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին։ Երկու դեպքում էլ դիմումատուն եղել է ՊԵԿ-ը:

Փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն
Գոյության 2,5 տարիների ընթացքում «Գազ օիլ» ՍՊԸ-ն հասցրել է իր վրա սևեռել պետական մարմինների ուշադրությունը:

2023-ի տարեսկզբին ՊԵԿ-ը հրապարակել էր այն ընկերությունների ցանկը, որոնք ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել են ավելի քան 1 մլն դրամով: Դրանց թվում եղել է «Գազ օիլ» ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։

Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:

Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են գազալցակայաններն ու բենզալցակայանները, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Նման փորձաքննություն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, որոշել է դադարեցնել այս լցակայանի գործունեությունը: Լցակայանը, համաձայն տեսչական մարմնի հաղորդագրության և տարածած լուսանկարների, կապարակնքվել էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում