Մանիպուլյացիա՞, թե՞ քաղաքական ամնեզիա․ Արցախը հանձնած իշխանության «յուրօրինակ» մեղադրանքը
copy image url

Մանիպուլյացիա՞, թե՞ քաղաքական ամնեզիա․ Արցախը հանձնած իշխանության «յուրօրինակ» մեղադրանքը

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:30 31-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն ի հեճուկս իշխանականների պնդումների չի մարում, շարունակում է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանության մաս կազմող մանր ու միջին ՔՊ-ականներին։ Այդ անհանգստությունների մասին են վկայում ոստիականների ու ուժային կառույցների կողմից քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունները և հատկապես մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը, երբ ուժայինները խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը հուշահամալիրի տարածք։

Նախորդ շաբաթներին առիթներ ունեցել ենք մեր ընթերցողներին տեղեկացնելու, որ Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով գործի է դրվել իշխանական ողջ քարոզչամեքենան․ ֆեյսբուքյան տարբեր կեղծ էջերի միջոցով կատարվող գրառումների համար միացվում է վճարովի գովազդ, նախարարներից մեկի կինը ժողովրդին անասուն է անվանում և այլն։ Այս կապակցությամբ մի քանի անգամ մեր հրապարակումներում համոզմունք էինք հայտնել, որ նմանաբովանդակ գրառումներն այնքան կեղծ ու մանիպուլյատիվ են, որ դրանք հավատ չեն ներշնչում անգամ գործող իշխանությունների ամենահավատարիմ աջակիցներին, և հաճախ նույնիսկ վերջիններս են ծաղրում այդ գրառումների հեղինակներին։

Հատկանշական է, որ իշխանական հակաքարոզչությունն այս ամենից չի հուսահատվում և շարժումը թիրախավորելու նպատակով գործի է դնում իր ողջ արսենալը՝ բնականաբար նախքան դա վերջնահաշվարկ կատարելով սեփական խղճի ու բարոյականության վերջին փշրանքների հետ։ Այս համատեքստում նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով խորհրդրանական կառավարման համակարգ ունեցող երկրի երկրորդ դեմքն է, հեգնանքով պնդել է, թե, ընդդիմությունը և Բագրատ Սրբազանը խուսափում են Արցախի մասին խոսելուց և մոռացության են մատնել այդ խնդիրը։

«Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից և նույնիսկ, եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ. Գալստանյանի կարգախոսը, որն իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը:

Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել: Չնայած նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքար ա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»: Հիրավի, անխոցելի օրակարգ է»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Ալեն Սիմոնյանը:

Առնվազն զավեշտալի է, երբ Արցախի Հանրապետության տարածքի երեք քառորդը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ Ադրբեջանին հանձնած, այնուհետև դրանից երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության ներկայացուցիչն է ընդդիմությանը մեղադրում Արցախի հարցն իր օրակարգից հանելու համար։

Հիշեցնենք, որ նույն Ալեն Սիմոնյանն էր, ով ժամանակին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում էր «Հայաստանի աշխարհ համարվող հողը, որն ազատագրվել էր արյամբ» Ադրբեջանին հանձնելու պատրաստկամություն հայտնելու մեջ, իսկ ավելի ուշ հայտարարում էր, թե «Աղդամն իր հայրենիքն է», սակայն վերջինս ոչ միայն չընդդիմացավ, որ Նիկոլ Փաշինյանի ստորարգրությամբ իր հայրենիք Աղդամն առանց 1 կրակոցի հանձնվեց թշնամու վերահսկողությանը, այլև դրանից հետո Փաշինյանին անվերապահ աջակցություն հայտնելու և վերջինիս քայլերը ողջունելու ոչ մի առիթ բաց չթողեց։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանը հավանաբար մոռացել է, որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց 2 ամիս անց ադրբեջանական կողմն արգելափակեց Լաչինի միջանցք, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը, իսկ Ադրբեջանը շրջափակված Արցախի դեմ պատերազմ սանձզերծելու համար անգամ քննադատության չենթարկվեց, քանի որ վերջինս հայտարարում էր, թե գործում իր միջազգայինորեն ճանաչված տարածքում, ինչը կասկածի տակ չի առնվում անգամ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս համատեքստում տեղին է հիշել դեռևս նախորդ հունիսին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, ով արձանագրել էր՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս։

Ուստի որքան էլ նույն իշխանականները, այդ թվում Ալեն Սիմոնյանը, ընդդիմությանը մեղադրեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ, ակնհայտ է, որ հայկական երկրորդ հանրապետությունն ամբողջովին հայաթափվել և ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել հենց գործող իշխանությունների գործողությունների հետևանքով, իսկ մանիպուլյատիվ հայտարարություններով պատմությունը խմբագրելու փորձերն ի սկզանե դատապարտված են ձախողման։

Այսպիսով՝ փաստենք, որ ՔՊ-ականների հայտարարությունները, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումն իրենց չի անհանգստացնում, նմանաբովանդակ հայտարարությունները փաստում են իրականությանը չեն համապատասխանում։ Փաստացի իշխանություններն ուշի ուշով հետևում են շարժմանը, մանրադիտակով ուսումնասիրում շարժման առաջնորդների կողմից հնչեցվող հայտարարությունները՝ հաշվելով, թե ընդդիմադիր գործիչներն իրենց ելույթներում քանի անգամ են Արցախ բառն ասում, կամ ցույցերի ժամանակ Արցախի դրոշները ծածանվո՞ւմ են, թե՞ ոչ։

Ըստ էության, Ազգային ժողովի նախագահին մտահոգում է, որ ընդդիմությունն Արցախի թեմայի հարցում սկսել է ավելի զգուշավոր խոսել, ոչմիթիզական դիրքերից հանդես չգալ։

Գործող իշխանություններին և Ալեն Սիմոնյանին այս հանգամանքը մտահոգում է, քանի որ վերջիններս այլևս չեն կարողանում ընդդիմությանը մեղադրել ռևանշիստական տրամադրություններ ունենալու մեջ և դրանք շահարկելով հասարակության նոր պատերազմով վախեցնել, ինչն իր հերթին էլ ավելի է թուլացնում փաշինյանական իշխանության հիմքերը։ Իսկ Ազգային ժողովի նախագահի այս հայտարարությունը մանիպուլյացիա՞ էր, թե՞ քաղաքական ամնեզիա՝ կորոշեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր առնվազն 2 տարի անց կրկին գնալու են ընտրատեղամասեր և կրկին ընտրություն կատարելու։





Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ