Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է.
«Իլհամ Ալիեւի հարցազրույցները Հայաստանում հիմնականում առաջացնում են խուճապ, եթե ոչ անմիջական, ապա՝ լատենտ: Բոլորովին չեմ բացառում, որ նրա հռետորաբանության մոտիվներում կա նաեւ հենց այդ «էֆեկտի» հաշվարկը:
Խուճապը՝ բառի բուն, լատենտ, կամ պատկերավոր իմաստով, ըստ էության, նշանակում է տարերայնություն:
Տարերայնության գլխավոր պատճառն ու աղբյուրը կառավարությունն է, պաշտոնական Երեւանը, որովհետեւ համակարգային, ինստիտուցիոնալ արձագանքը պետք է գա հենց այդտեղից: Չի գալիս: Ավելին, հենց այդտեղից է խթանվում տարերայնություն եւ, համոզված եմ՝ միանգամայն գիտակցված ու մտածված: Դա ունի թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Բայց եթե պատճառների մեջ կա նաեւ օբյեկտիվը, դա բոլորովին չի նշանակում, որ այդ վարքագիծը հիմնավոր է:
Այդտեղից եկող տարերայնությունը բերում է արդեն ավելի լայնացող տարերայնության, որովհետեւ չկան նաեւ ավելի ներքեւում եղած այլ հասարակական-քաղաքական ինստիտուտներ, որոնք ունեն հանրային ավելի ինստիտուցիոնալ, համակարգված, հանդարտ արձագանք ձեւավորելու շահառություն:
Բոլորի, կամ զգալի մեծամասնության «քաղաքական խաղադրույքը» կատարված է «խուճապի»՝ տարերայնության վրա:
Սա հանգեցնում է ծայրահեղության, ինչպես միշտ եւ բոլոր հարցերում: Պայմանական մի ծայրահեղությունը այն է, որ Ալիեւի հայտարարությունները ծառայեցվում են հանրությանը հետեւյալին բերելուն՝ «միակ ելքը Նիկոլից ազատվելն» է: Կա միտք, որ «միակ ելքը Նիկոլից ու նրա «նախկին» ընդդիմությունից» ազատվելն է: Մյուս ծայրահեղությունն այն է, որ «նախկին» ընդդիմությունն է այս երկրի թշնամին ու ելքը այդ ընդդիմությունից ազատվելն է: Մեկ այլ ծայրահեղություն է, թե Ալիեւը հոխորտում է, որովհետեւ ահ ու դողով տեսնում է Հայաստանի հզորացումը:
Եվ այդպես, Իլհամ Ալիեւի հարցազրույցները Հայաստանում դառնում են ոչ թե քաղաքական համակարգի արձագանքի, այլ քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա»: Ընդ որում, այս երեւույթը․ ցավոք սրտի, նոր չէ, այս երեւույթը առնվազն «Ֆեյսբուքի տարիքի» է:
Դե, նա էլ այս տարիների ընթացքում հիանալի ուսումնասիրած լինելով հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական միջավայրը, պարբերաբար «պտտում» է այդ «ռուլետկան»: Այսինքն, Իլհամ Ալիեւն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի հասարակական-քաղաքական «խաղատան», այսպես ասած, խաղավար:
Իրավիճակ փոխելու համար պետք է փոխվի խաղի բնույթ: Ըստ այդմ, ներքաղաքական խաղացողները պետք է չափվեն դրանով, թե նրանք որքանով են հանրությանը առաջարկում նոր խաղ: Կարեւոր չէ, թե ով կլինի առաջարկողը՝ նոր, թե հին: Կարեւորը առաջարկն է:
Այ, դա, ըստ իս, իրապես կարող է անհանգստացնել Իլհամ Ալիեւին՝ Հայաստանում քաղաքական խաղի բնույթի որեւէ իրական փոփոխություն: Կասկած չունեմ, որ նա իր համար քաղաքական առաջնային խնդիրների շարքում դիտարկում է նաեւ դա թույլ չտալը, ինչի համար տեսնում է նվազագույն մի անելիք՝ «ռուլետկան» պարբերաբար պտտելը:
Սա բոլորովին այն մասին չէ, որ պետք է անտարբերության եւ անուշադրության մատնել Իլհամ Ալիեւի հայտարարություններն ու հոխորտանքը: Պարզապես, եթե մենք խոսում ենք արդեն բուն վտանգների ու ռիսկերի մասին, ապա այդտեղ մեծ հարց է, թե ինչն է ռիսկային՝ նրա հրապարակային հոխորտանքը, թե՞ լռությունը: Ռիսկերի համակարգը, մոտիվներն ու, այսպես ասած, ծագման աղբյուրներն ավելի լայն են, քան միայն Ալիեւի հայտարարությունները»: