ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով Ալավերդի քաղաքի իրական ղեկավարն է, այս ծայրահեղ դժվարին օրերին ինքնագովազդով է զբաղված։
Պատգամավորը հայ ժողովրդին բաժին հասած այս աղետը օգտագործում է ի շահ իրեն, փիառ անում իրեն՝ կործանվող քաղաքի հաշվին։
Մկրտչյանի ֆեսբուքյան էջը ուսումնասիրելով` կարելի է ենթադրել, որ աղետի գոտում ամեն բան հրաշալի է և վերականգնված։
Օգնություններն ամբողջովին տեղ են հասել, դեղերի և սննդի խնդիր չկա, Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, Ախթալայում և Ալավերդու մի շարք թաղամասերում վերականգնվել է գազամատակարարումը, կապի խնդիրները նույնպես հիմնականում կարգավորված են, վերականգնվել է նաև ջրամատակարարումը։ Այս և այլ հայտարարություններ, տեսանյութեր և լուսանկարներ պարբերաբար հրապարակում է պատգամավորն իր ֆեսբուքյան էջում։
Ավելին` Մանվել Գրիգորյանի մասին տխրահռչակ տեսանյութի հեղինակն այս անգամ իր` աղետի գոտու մասին տեսանյութերի տակ դնում է իր անուն֊ազգանունը` որպես լոգո` կարծես վախենալով, որ լրատվական կայքերը կարող են «գողանալ» իր տեսանյութերը։
Սակայն նույն իրականությունում կան կամավորներ փնտրելու մասին հայտարարություններ, որոնցով այս օրերին ողողված է ողջ համացանցը։
Հետևաբար՝ հարց է առաջանում։ Եթե ամեն բան այսքան դասակարգված և վերականգնված է, ինչո՞ւ է Ալավերդին այսօր համարվում աղետի գոտի, և ինչո՞ւ են կամավորների կարիք զգում տեղի բնակիչները։
Պատգամավոր Արեն Մկրտչյանը, հավանաբար, մոռացել է, որ ժողովրդին օգտակար լինելու համար, իրականում, ինչով պետք է զբաղվեր նման դեպքերում։