Ավերիչ ջրհեղեղից տուժած մարզերում հրատապ խնդիրներ լուծելու համար կառավարությունը 300 միլիոն դրամ է հատկացրել։
Այս թիվը հրապարակվելուն պես արժանացել է բուռն քննադատության։ Թեև խոսքը փոխհատուցման մասին չէ, սակայն, բազմաթիվ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում հիշեցնում են, որ Փաշինյանի կառավարությունը ամերիկյան ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 միլիոն դոլար էր հատկացրել, իսկ ահա աղետի գոտում տուժածների կարիքների համար ընդամենը 300 միլիոն դրամ` 750.000 դոլար։
Oragir.News-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե արդյոք տուժած քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ քննարկումներ կա՞ն, և խոսքը որքա՞ն գումարի մասին է։
«Փոհատուցման հարցն այս պահին չի կարող քննարկվել, որովհետև դեռևս գույքագրում է իրականացվում։ Մինչև ամբողջական գույքագրում չլինի, այդ մասին վաղ է խոսելը, քանի որ փոխհատուցումը հաջորդում է գույքագրմանը։
300 միլիոն դրամը Կառավարությունը հատկացրել է Լոռու և Տավուշի մարզին, որպեսզի լուծեն բնակիչների հրատապ կարիքները՝ սնունդ, ջուր, քանի որ այս պահին համայնքում բնակավայրերը իրարից կտրված են, առաջին անհրաժեշտության բոլոր ծախսերի համար է»,- հայտնեց ՏԿԵ նախարարի խոսնակը։
Ճշտող հարցին՝ մոտավոր ժամկետներ կա՞ն, թե երբ կավարտվեն գույքագրման աշխատանքները՝ Սոնա Հարությունյանը պատասխանեց․
«Չենք կարող ասել, քանի որ աշխատանքները մեկնարկել են առաջին օրվանից, բայց ջուրը նոր է իջնում և նոր է հնարավոր դառնում մոտենալ այդ տարածքին, որպեսզի տեսնեն, թե ինչ կա։ Պարոն Սանոսյանն առաջին օրվանից այստեղ է, տարբեր բնակավայրերում և թաղամասերում շրջում է, գիշերում է Ալավերդիում»։