Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցների ավարտական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ, ձեռքբերումներ և նպատակների իրականացում:
«Սիրելի՛ շրջանավարտներ, հույս ունեմ, որ դուք արդեն կողմնորոշվել եք ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած կարողությունները, հմտությունները ու գիտելիքները, մանկավարժների խորհուրդները, ծնողների աջակցությունն օգնելու են ձեզ կողմնորոշվելու և հաջողությունների հասնելու ճանապարհին: Բոլորիդ մաղթում եմ՝ ընտրել պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար»,- շնորհավորական խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին ավարտական և բուհական ընդունելության քննություններում։
Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝ առանձնահատուկ շեշտելով, որ շրջանավարտների ներկա և ապագա հաջողություններում ու ձեռքբերումներում մեծ է նրանց ներդրումը.
«Ձեր ամենօրյա անդադար աշխատանքի արդյունքում այսօր այստեղ կանգնած են ուժեղ, խելացի, ապագայի հանդեպ պատասխանատվություն ու պատկերացումներ ունեցող շրջանավարտներ»:
Ավարտական միջոցառումների ընթացքում շրջանավարտները երախտիքի ու սիրո խոսքեր են ուղղել ուսուցիչներին, դպրոցին, ընկերներին։
Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցն այս տարի ունի 7 ավարտական դասարան՝ 137 շրջանավարտով: Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներից է՝ ունի 2300 աշակերտ, որոնցից 225-ն այս տարի ավարտում է 9-րդ դասարանը:
Ավարտական միջոցառումներին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: