Դատարկ բյուջեն և Սնուփ Դոգը․ հարկատուների գումարները մսխող կառավարությունը օգնության կարիք ունի
copy image url

Դատարկ բյուջեն և Սնուփ Դոգը․ հարկատուների գումարները մսխող կառավարությունը օգնության կարիք ունի

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:00 24-05-2024
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հաճախ են հայտարարում, որ Հայաստանի կառավարությունը գումարի խնդիր չունի և պետբյուջեում առկա ֆինանսական միջոցները բավարար են անհրաժեշտ բոլոր նախագծերի ու ծրագրերի իրականացման համար։ Իշխանականները նաև պնդում են, որ Հայաստանն ունի ոչ թե գումարի, այլ բյուջեի ծախսային մասը կատարելու խնդիր՝ նկատի ունենալով, որ պետական տենդերներում հաղթող ընկերությունները չեն կարողանում սահմանված ժամանակահատվածում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Նախօրեին հայտնի դարձավ, որ գումարի խնդիր չունեցող Հայաստանի կառավարությունը դիմել է Միացյալ Նահանգներին՝ 200 մլն դոլար լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան պետքարտուղար Էնթոնի Բլենքենը հայտնեց, որ Հայաստանը լրացուցիչ 200 միլիոն դոլարի աջակցություն է խնդրել և այս հարցով հայկական հարցերով հանձնախումբը նամակ է հղել պետքարտուղարին։

Կոնգրեսականի դիտարկումներին ի պատասխան՝ պետքարտուղար Բլինքենը չհստակեցրեց՝ Վաշինգտոնը կատարելո՞ւ է Երևանի այս խնդրանքը, թե՞ ոչ։ Վերջինիս համոզմամբ՝ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունն է խաղաղության պայմանագրի շուրջ, ինչը լավագույն ձևով կանդրադառնա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի վրա։

Ջիմ Կոստան հակադարձեց ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում իրենց մոտեցումները տարբերվում են՝ նկատի ունենալով, որ Բաքուն հակված չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել և անհրաժեշտ է Երևանին ավելի շատ աջակցություն տրամադրել։

Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությունը մի կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով դիմում է Միացյալ Նահանգներին, իսկ մյուս կողմից չի հրաժարվում ավելորդ ծախսերից, պարգևավճարներից և այդ գումարներն ուղղում առավել նպատակային ծրագրերի իրականացմանը։ Հանրությունը լավ է հիշում, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 6 մլն դոլար հատկացրեց Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար, սակայն այդ համերգն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ գումարները չվերադարձվեցին Հայաստանին։

Փաշինյանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար նման խոշոր գումարի հատկացումը հիմնավորում էր այն հանգամանքով, որ դա կաշխուժացներ մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում կբարձրացներ Հայաստանի ճանաչելիությունը, կզարգացներ մշակութային զբոսաշրջությունը և այլն։ Բացի այդ, ՀՀ-ն նախատեսում էր, որ համերգին ներկա կլինի 20-25 հազար երկրպագու, նրանցից մի քանի հազարը տուրիստներ, որոնք Հայաստանում պետք է ծախսեին միջինում 1000 դոլար։

Համերգը, որը նախատեսված էր 2023-ի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց՝ պայմանավորված սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով և դրա հետևանքներով։ Ավելի ուշ «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը հայտնել էր, որ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը հոնորարը ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա։

Առ այսօր՝ համերգի հետաձգումից շուրջ 9 ամիս անց, դեռևս հայտնի չէ, թե այն երբ կկայանա, կամ առհասարակ՝ համերգը կկայանա՞, թե՞ ոչ։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ հատկապես նախկին և ներկա ԿԳՄՍ նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Ժաննա Անդրեասյանը հանրությանը վստահեցնում են, որ համերգը կայանալու է՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով՝ երբ և ինչ պայմաններում, ինչպես նաև չնշելով, թե ինչ ճակատագրի է արժանանալու հարկատուների գումարներից Սնուփ Դոգին վճարված 6 մլն դոլարը, եթե վերջինս Հայաստան այցելելու և երգելու համար ազատ օրեր այդպես էլ չգտնի։

Այսպիսով՝ ենթադրում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետբյուջեն դատարկվել է, և հարկատուների գումարները շռայլորեն ծախսող կառավարությունը ֆինանսական աջակցության կարիք ունի։ Հերթական անգամ համոզվում ենք, որ կառավարության կողմից պարբերաբար հնչեցվող հավաստիացումներն առ այն, որ Հայաստանը գումարի կարիք չունի, չեն համապատասխանում իրականությանը, այլապես վերջինս լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով չէր դիմի ԱՄՆ-ին։

Միայն Սնուփ Դոգի չկայացած համերգի օրինակով կարող ենք ենթադրել, թե ինչպես են գործող իշխանությունները մսխում հարկատուների գումարները, որի հետևանքով պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար գումարներ այլևս չեն մնում։

Ուշագրավ է, թե այս իրավիճակին ինչպես կարձագանքեր նախկին իշխանություններին խստագույնս քննադատող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եթե, օրինակ Կարեն Կարապետյանի, կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չկայացած համերգի համար որևէ արտիստի 6 մլն դրամ գումար վճարեր, իսկ հետո այդ գումարը չվերադարձվեր պետբյուջե։ Հարցին պատասխանելը դժվարանում է, քանի որ 2018 թվականից հետո հանրությունը զրկվել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արդարացի քննադատությունները լսելու հնարավորությունից, իսկ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումներն ընդդիմադիր Փաշինայանի դիրքորոշումներից շատ են տարբերվում և համադրելի չեն։

Լավատեսորեն ակնկալում ենք, որ Սնուփ Դոգը ժամանակ կգտնի և Հայաստանում նախատեսված համերգն այնուամենայնիվ կկայանա, ու Հայաստանի Հանրապետության հարկատուների գումարներից վճարված 6 մլն դոլարը ջուրը չի լցվի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում