Զորամասերում դիֆտից տնակներ են սարքում, որ թուրքին հանձնելուց էժան պրծնեն. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 13:05 24-05-2024
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է տարածել և գրառում կատարել՝ հայտնելով, որ լուսանկարներում նոր կառուցված զորամաս է: Զորամասերը, որոնք փայտե տնակներ էին հիշեցնում, կառուցվել են սենդվիչ-պանելների միջոցով, ինչը քաղաքացիների շրջանում տարակուսանք է առաջացրել։

Շահագործման հանձնված զորամասեր է այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը Փաշինյանի օրինակով հետևել է կատարված աշխատանքի որակին և ցնցուղ քաշել, ծորակ բացել։ Տարածված լուսանկարներում երևում է, որ էլեկտրականության վարդակը տեղադրված է ցնցուղից ոչ հեռու։ Եվ այս ամենը ներկայացնում են Զինված ուժերում կատարվող բարեփոխումների համատեքստում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե բարեփոխում համարու՞մ են, որ զորամասերը քարի շենքերից դառնալու են դիֆտից տնակներ, իսկ լոգարանում, ցնցուղից ոչ հեռու էլեկտրականության վարդակներ են տեղադրված։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց։ «Դիֆտից տնակներ սարքելը՝ նշանակում է գլխառադ անել։ Զորամասերը քարից պետք է լինեն», ասաց մի քաղաքացի։ «Չի կարելի, որ լոգարանում հոսանք լինի»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։ «Կարևորը՝ որակյալ զենք բերեն, բանակն ուժեղացնեն»,- բարեփոխումների առաջնային խնդրի մասին ընդգծեց անցորդներից մեկը։ Եղան նաև վերլուծական կարծիքներ։ «Կարող է՝ մտածում է, որ քարի շենքը սարքի, պիտի վաղը հանձնի թուրքերին։ Դրա համար ափսոսում է քարի շենք սարքի, ասում է՝ ավելի լավ է՝ դիֆտի անի, որ էժան պրծնի»,- ենթադրեց մի տղամարդ։

Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել Զինված ուժերում, բանակը հագեցնել նոր սպառազինությամբ։ Սակայն փորձագետների գնահատմամբ՝ բարեփոխումների անվան տակ կատարվող աշխատանքներն ու ձեռք բերված սահմանափակ սպառազինությունը չեն համապատասխանում ՔՊ-ի տված մեծ խոստումներին, չեն արդարացնում ժողովրդի ակնկալիքները։

Մանրամասն՝ տեսանյութում։