ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ երկար մտածեց՝ ինչ ասել այդ 3 րոպեում.
«Ի՞նչ ասել, որ համարժեք լինի մեր տասնյակ հազարավոր այն հայրենակիցների ընդվզումին, որոնք իբրեւ հայ մարդ Սրբազան շարժման հաղթանակի մեջ են տեսնում իրենց լինելիությունն ու Հայաստանի պետականության փրկությունը: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Կիրանցի այն կնոջ արցունքներին, որի ոչ միայն պապենական տունը, այլեւ Արցախյան ազատամարտում զոհված երկու որդիների գերեզմաններն են մնում ձեր կողմից թշնամուն նվիրված հողում: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Գեղարքունիքի, Վայքի ու Սյունիքի հազարավոր բնակիչների՝ Կիրանցի աղետալի ճակատագրին չարժանանալու սպասումին: Ի՞նչ ասել, մի դահլիճում, ուր թուրք ածականն ընդունելի է, իսկ դավաճանը՝ մարսված: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի ոստիկանության այն ոհմակա-ենիչերիական վարքագծին, որը դարձել է քաղաքական մեծամասնության միակ եւ նողկալի հենարանը: Դուք, իհարկե, չեք գիտակցում, որ հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության՝ ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն ու պետությունն եք նվաստանում: Դուք նաեւ ոստիկանին եք ոչնչացնում՝ նրան դարձնելով համազգային ատելության թիրախ»։