2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրայնել է դրա խնդրահարույց լինելը:
Փաստաբաններն ահազանգում են, որ նախագծի ընդունման հետևանքով քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունները թանկանալու են։
- Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները.
- Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.
- Անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը.
- Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:
ՀՀ փաստաբանների պալատը Նախագծի խնդրահարույց ասպեկտների մասով առարկությունները և դիտողությունները, ի թիվս այլ մարմինների ներկայացրել էր նաև ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:
Դիտարկումների փաթեթը ներկայացվել էր նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով Նախագիծը քննարկելիս հաշվի առնել ներկայացվածը և ՀՀ փաստաբանների պալատին մասնակից դարձնել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին:
Սակայն, ՀՀ փաստաբանների պալատը չհրավիրվեց Հանձնաժողովի նիստին, իսկ նիստի ընթացքում էլ հայտարարվեց, թե իբր նախագծի առնչությամբ դիտարկումներ չեն ներկայացվել:
Այս հանգամանքով պայմանավորված փաստաբանները գործադուլ են հայտարարել։
Ավելի վաղ
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ
զրուցել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ, վերջինս ահազանգել էր մի շարք խնդիրների մասին։