Բագրատ Սրբազանի՝ հաշտության օրակարգը հուսադրել է շատերին։ Հարցն արդիական է, քանի որ ՀՀ-ն կանգնած է արտաքին լուրջ վերափոխումների շեմին։ Առկա է պատերազմի վտանգը, որի մասին պարբերաբար հիշեցնում են Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական մյուս գործիչները։ Մյուս կողմից բազմաթիվ քաղաքագետներ բազմիցս ընդգծել են ներքին հաշտության, հասարակական համերաշխության կարևորությունը որպես անվտանգային խնդիր և առաջընթացի նախապայման։ Եվ օրինաչափ է, որ հասարակությունը միավորելը Սրբազանի շարժման օրակարգի գլխավոր հարցերից մեկն է։ Դրանով է պայմանավորված նաև շարժման հաջողությունը։
Այս ճանապարհին, սակայն, կա մեծ խնդիր։ Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ատելության մթնոլորտ են ստեղծել, մարդկանց հոգիները պղտորել, լցրել ներքին թշնամանքով, հալածել նրանց, որոնք քննադատել են իշխանությունների կատարած աղետաբեր քայլերն ու քաղաքական սխալ որոշումները։ Ատելությամբ է լցված եղել Փաշինյանի ընտրարշավը 2021-ի ընտրություններում։ Ներկայում էլ Բագրատ Սրբազանի շարժման ընդդիմախոսների խոսույթն ամբողջությամբ ատելությամբ է շաղախված։ Ատելությամբ են վարակվել քաղաքական, մշակութային գործիչների մեծ մասը։ Ատելություն է հորդում նաև քաղաքագետի դիմակով հանդես եկող իշխանամերձ քարոզիչների բերանից։
Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրությունը ևս վարակվել է ատելությամբ։ Ատելության խոսքը ավելի մեծ լսարան է հավաքում, քան բովանդակային, ծրագրային, արժեբանական խոսույթը։ Իսկ հաշտության, համերաշխության մասին խոսողները համարվում են թույլ, անատամ, նահանջող, «կուլ գնացող» և այլն։ Ներողամտությունն ու մեծահոգությունն այս լույսի տակ համարվում է արատներ։ Գրեթե բոլորը ներքին թշնամի են փնտրում ցանկացած հարցի մեջ։ Փոխադարձ մեղադրանքները երբեմն վերածվում են զավեշտի։ Պատկերավոր ասած՝ ամեն 3 հոգուց յուրաքանչյուրը մյուս 2-ին ատում է։ Այս իրավիճակում համերաշխություն հաստատելը անհնարին բան է թվում։
Ատելության ծաղկմանը նպաստել են նաև մարդկային և տարածքային կորուստները, որոնց պատճառած վիշտը շատ խորն է, վրեժի ցանկությունն էլ մեծ։ Եվ մարդիկ երբեմն իրենց ատելությունը թափում են ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի գլխին։ Իսկ վերջինս ու իր թիմակիցները համարժեք ատելությամբ հակադարձում են ժողովրդին։ Արդյունքում ձևավորվել է ատելության մթնոլորտ։ Ատելություն և ներքին թշնամանք է հորդում նաև ԱԺ բարձրագույն ամբիոնից։ Եվ այս իրավիճակում Բագրատ Սրբազանը փորձելու է միավորել հասարակությունը, հաշտեցնել, համերաշխություն հաստատել։
Այս դժվարին գործում նրան անհրաժեշտ է լինելու մի քանի գործիք։ Դրանցից մեկը կարող է դառնալ ՀՀ քաղաքացու նոր առաքելությունը։ Քրիստոնեական արժեհամակարգից բխող նոր առաքելությունը կարող է միավորել մարդկանց, միմյանց հանդեպ եղբայրական վերաբերմունք ներշնչել։ Արևմուտքի արժեքային երկու սյուները՝ Հավասարությունը և Եղբայրությունը նաև քրիստոնեական արժեհամակարգի սյուներն են։ Եվ եթե Սրբազանը արմատավորի այս արժեքները հայ մարդու նոր առաքելության համատեքստում, ապա թերևս՝ հնարավոր կլինի համերաշխության մթնոլորտ ձևավորել։ Իսկ եթե նրա շուրջ համախմբված մշակութային գործիչներն այս արժեքների և համերաշխության վերաբերյալ ստեղծագործություններ լույս ընծայեն, ապա մեծապես կդյուրացնեն Սրբազանի գործը։
Հաջորդ գործիքը մեխանիկական է։ Ներքին թշնամանքը մեղմելու հարցում բան կփոխվի, եթե թշնամանքի նետերը ներսից հանվեն դուրս։ Այսինքն՝ ատելության թիրախ ընտրվի երկրից, ժողովրդից դուրս մի բան։ Օրինակ՝ ներքին թշնամանքով, դասակարգային պայքարով հայտնի անփառունակ սոցիալիստները հռչակում են նաև միջազգային իմպերիալիզմի դեմ պայքար, հորինում հավաքական թշնամու կերպար, որպեսզի ժողովրդի ատելության սլաքներն ուղղեն երկրից ու ժողովրդից դուրս։ Նման արտաքին մի թշնամի էլ մեր դեպքում պետք կլինի, որպեսզի մարդկանց մեջ կուտակված ատելության սլաքներն ուղղվեն այդ ուղղությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց միավորում է ընդհանուր արտաքին թշնամին։ Ու եթե արտաքին այդպիսի մի սատանա, չար ուժ ընտրվի կամ հորինվի, ապա թերևս՝ հնարավոր կլինի ատելության մի մասն ուղղել նրա վրա։
Գործիքներից մեկն էլ գաղափարն է։ Ինչքան մեծ է գաղափարը այնքան շատ մարդու կարող է միավորել։ Գաղափարի շուրջ միավորված մարդիկ ժամանակի ընթացքում եղբայրական սիրով կլցվեն միմյանց նկատմամբ։ Գաղափարի նվիրյալների առկայությունը, նրանց օրինակը հավելյալ ոգևորություն կհաղորդի ժողովրդին, միավորող գործոն կհանդիսանա։ Լավ կլինի, որ գաղափարը քաղաքակրթական լինի, ինչպես քրիստոնեությունն է, որպեսզի դրա շուրջ միավորվեն տարբեր քաղաքական համոզմունքներ ունեցողները և միմյանց եղբայրաբար վերաբերվեն։
Պարզ ասած՝ տեսականորեն հնարավոր է միավորել հասարակությունը, համերաշխության մթնոլորտ ձևավորել։ Այդ մեծ, աշխատատար գործը կարող է գլուխ բերել հանրային մեծ հեղինակություն ունեցողը։ Բագրատ Սրբազանը մեծ հեղինակություն ունի ու մեծ հավատ։ Ենթադրելի է, որ լավ կազմակերպելու և կամային աշխատանքի արդյունքում դա նրան կհաջողվի։ Եվ մի քանի տարի անց շատերը չեն էլ հավատա, որ վարակված են եղել ներքին թշնամանքով ու միմյանց ոչնչացնելու ցանկություն ունեցել։
Թաթուլ Մկրտչյան