Բավարար չէ, որ հակասահմանադրական հանացագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում։ Այս մասին այսօր Կիրանց տանող ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ճանապարհը փակելը վերից վար ապօրինի է։ Սկսած հակասահմանադրական սահմանազատումից, Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչև այս պահը։ Այս տղաներն էլ դարձել են իրենց ձեռքի գործիքը։ Երբ սև, գաղտնի, դավադիր գործունեությամբ են զբաղվում, այսպես է լինում։ Էս մարդիկ էլ ուղղակիորեն պարզ գործիք են դարձել։ Ես ցավում եմ մեր տղաների համար»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ եկել է Կիրանց, հանդիպելու բնակիչներին․ «Եկել եմ Կիրանց՝ իմ ժողովրդին այցելելու, ես ամբողջ կյանքս այցելել եմ, իմ դեմը նույնիսկ թուրքերը չեն փակել։ Ես եկել եմ՝ հասկանալու ինչպես են զգում իրենց, ինչ վիճակում են գտնվում, որովհետև ահռելի ճնշումների տակ են, իրենց կյանքը խաթարված է բառիս լայն իմաստով։ Մարդիկ այս ժողովրդի համար պատասխանատու չեն, երկիրը դժոխք են սարքել»։