Թուրքիայի «Քադիր-Հաս» համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընթացող բանակցություներին և դրանցում Թուրքիայի միջնորդական առաքելությանը։
Հաղորդվում է, որ Չելիքփարան գործընթացի վերաբերյալ իր դիտարկումները կատարել է՝ վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը գնահատականներ տալով։
Թուրք պրոֆեսորը, նախ ներկայացնելով հանդիպման լուսաբանված և չլուսաբանված կողմերը, նշել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները չեն լուծվել, ապա ընդգծել, որ հանդիպումը եղել է անարդյունավետ:
Ըստ Չելիքփալայի՝ Ալմաթիի հանդիպումը ոչնչով չի տարբերվել նախկինում Գերմանիայի միջնորդությամբ կայացած երկկողմ բանակցություններից, քանի որ երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման, այսինքն՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։
Այս համատեքստում նա շոշափել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական դերի հնարավորությունը՝ կտրականապես բացառելով այն:
Նման կարծիքը պայմանավորված է եղել պրոֆեսորի այն համոզմամբ, որ Թուրքիան այս գործընթացում անկողմնակալ չէ և այդ իսկ պատճառով Հայաստանի տեսանկյունից դիտարկելու պարագայում Թուրքիան չի կարող հանդիսանալ որպես միջնորդ պետություն: