Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում են երկկողմ փոխգործակցությունը, այդ թվում ռազմական ոլորտում։
Այս համագործակցության շրջանակներում Հայաստանը հայտնել է Հնդկաստանից շարժական ռադարների, հրթիռային կայանների, հրետանային համակարգերի ձեռք բերման մասին, որի կարիքը, ռազմական փորձագետների համոզմամբ, Հայաստանն այս պահին շատ ունի։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցություններն են կայացել։ Երկու երկրների միջև ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծում, հաստատվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
Հայտնի է, որ Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Այս խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ էլ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը Երևանում հայտարարել էր, որ չեն բացառում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ գործակցությունը՝ ռազմական ոլորտում:
Հատկանշական է, որ հայ-հնդկական ռազմական փոխգործակցությունն անհանգստացնում է Ադրբեջանին, և այս երկիրը բազմիցս դժգոհել է ՀՀ-ին վաճառվող սպառազինության կապակցությամբ։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր Հնդկաստանը Ֆրանսայի և Իրանի հետ միասին Հայաստանին նախապատրաստում է նոր պատերազմի, ինչը բնականաբար իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ-ն ձեռք է բերում բացառապես պաշտպանական բնույթի սպառազինություն, իսկ գործող իշխանությունները բազմիցս են վստահեցրել` Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու՝ այն է Արցախը վերադարձնելու մտադրություն չունեն։
Իրականում ցանկացած երկրի, այդ թվում Հնդկաստանի հետ ռազմական փոխգործակցության խորացումը միայն ողջունելի է, քանի որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանի հատկապես հրետանային միջոցները շատ լուրջ կորուստ կրեցին, և մեր երկիրը իր հրետանային պարկն ու առհասարակ ողջ սպառազինությունը թարմացնելու կարիք ուներ։ 2022-ի փետրվարից Ուկրաինայում մեկնարկած պատերազմը թույլ չտվեց այս գործընթացը Ռուսաստանի հետ իրականացնել, քանի որ այդ երկիրն ինքը սպառազինության կարիք ուներ և ՀՀ-ին չէր կարող զենք վաճառել, եթե անգամ ցանկանար։
Հնդկաստանի հետ ռազմական փոխգործակցության խորացմամբ ՀՀ-ին նախևառաջ իր հրետանային պարկն է թարմացնում, անհամեմատ ավելի լավ որակի հրանոթներ է ստանում, որն այս իրավիճակում այլ կերպ չէր կարող համալրել։ Այս համատեքստում որոշակի առումով խնդրահարույց է այն հանգամանքը, որ հայկական բանակում ռուսական հրետանային միջոցներն են շահագործվել, մասնագետներն այդ ուղղությամբ են կենտրոնացած, և այժմ հնդկական սպառազինության կիրառման համար որոշակի ժամանակահատված կպահանջվի՝ մինչև մասնագետները համապատասխան ուսուցում անցնեն, սակայն այս ամենը լուծելի խնդիրներ են։
Միևնույն ժամանակ Հայաստանը չպետք է հույսը դնի միայն Հնդկաստանից ձեռք բերած սպառազինության վրա, քանի որ դրանք լիարժեք դիմադրության համար քանակապես դեռևս բավարար չեն։ Այս համատեքստում մեր երկիրը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել սպառազինությունների ձեռքբերման ոլորտում կատարվող գնումները, ու շարունակի բարեկամական երկրների հետ այս ուղղությամբ տարվող բանակցությունները։
Այսպիսով՝ Հնդկաստանից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերվող սպառազինությունը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանալություն ունի, քանի որ այն թույլ կտա որոշ չափով բարձրացնել հայկական զինված ուժերի դիմադրողականությունը։ Բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հնդկաստանն աշխարհագրորեն արևելքում է, սակայն հնդկական սպառազինությունն արևմտյան համակարգի մի մասն է կազմում, այն բավականին լավ որակ ունի, ու այս հարցում ադրբեջանական կողմի դժգոհությունը պայմանավորված է նախևառաջ հենց այս հանգամանքով։
Դավիթ Գույումջյան