Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն
copy image url

Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն

Ներքին 11 ամիս առաջ - 13:26 03-05-2024
Մինչ երեկվանից այս դահլիճում շնորհակալություններ են հնչում ՄԻՊ-ի տարեկան հաղորդման համար, և լուրջ դեմքերով քննարկվում է, թե ինչ կարևոր են մարդու իրավուքները, մեզնից 2 ժամ հեռավորության վրա՝ Տավուշում, մոռացության է տրվել, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մենք գնում ենք լեգիտիմ սահմանազատման, սակայն մյուս կողմը նման բան չի ասում: Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն: Բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են: Ի՞նչ էիք ասում էս մարդկանց 2021 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ասե՞լ եք, որ 2024 թվականին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն: Էդ մարդիկ հավատում էին ձեզ»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանությանը:

Էլինար Վարդանյանը՝ խոսելով տավուշցիների իրավունքների մասին, ասաց, որ սահմանների հարցը չի կարելի սահմանազատել մարդուց. դրա առանցքում մարդու անվտանգ կյանքն ու իրավունքների իրացումն է:

«Վտանգի տակ է դրվելու մարդկանց կյանքի իրավունքը, ադրբեջանական դիրքերն ամրացվելու են մարդկանց կյանքի հաշվին, և խնդրում եմ սահմանապահների մասին երազանքները որպես հակափաստարկ չբերել: Ձեր վարչապետն է ասում՝ չկա երաշխիք, որ պատերազմ չի լինելու»,-ասաց Էլինար Վարդանյանը՝ դիմելով պատգամավորներին:

Նրա խոսքով, Կիրանցում մարդիկ զրկվելու են ազատ տեղաշարժի իրավունքից, քանի որ գյուղը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, իսկ բնակիչներին առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո: Նա շեշտեց, որ Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո: Բնակիչներից շատերը ստիպված են լինելու լքել իրենց տները, խախտվելու է մարդկանց սեփականության, ազատ և արժանապատիվ կյանքի, երեխաների կրթության իրավունքը:

«Երեկ իշխանությունը Տավուշում անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկում 24 քաղաքացու՝ այդ թվում, անչափահասների: Իսկ այս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին ՄԻՊ-ին, որ ասի՝ բռնություն չի եղել: Պատգամավորները շատ ուշադիր նայել են լրատվամիջոցների նյութերը, բայց բռնություն չեն տեսել, չեն լսել նաև, որ ոստիկաններին հորդորում են խփելով աշխատել: Այս իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը»,-ասաց Էլինար Վարդանյանը:

«Ձերբակալված Սամվել Վարդանյանին, որի պատասխանատուն և երաշխավորը պետությունն է, ՁՊՎ տեղափոխելիս դաժան ծեծի են ենթարկում, նվաստացնում դիմակավոր անձինք: Սա է մեր իրականությունը: Արդեն դիմակավորված բանդաներն են հարցեր լուծում՝ իրավապահների թողտվությամբ»,-հավելեց պատագամավորը՝ խոսելով Հայաստանում մարդու իրավունքների մասին:

Էլինար Վարդանյանը նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգության ժամանակ հավաքներին մասնակցելու համար՝ էլի բռնության կիրառմամբ, 700 քաղաքացի էր բերման ենթարկվել, 70 քաղաքացի ձերբակալվել էր՝ այդ թվում, անչափահասներ:

«Այ, էսպես խորը և համապարփակ հարգանքով են վերաբերվում հավքների ազատության իրավունքին»,-հավելեց պատգամավորը: