Գյուղացիները սպասում են Հերմինե Պետրոսյանին. ինչու չի կայացել սպասված համերգը
copy image url

Գյուղացիները սպասում են Հերմինե Պետրոսյանին. ինչու չի կայացել սպասված համերգը

Ներքին 11 ամիս առաջ - 18:25 01-05-2024
Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում նախորդ տարի զինվորներին նվիրված բարեգործական միջոցառումն այդպես էլ չի կայացել։

Երվանդաշատ գյուղի բնակիչների խոսքով՝ մեկ տոմսի արժեքը 2000 դրամ էր, և համերգը պետք է կայանար օգօստոսի 29-ին, ինչպես նշված է տոմսերի վրա։ Այնտեղ նաև նշված է հեղինակի և միջոցառման անունները՝ Հերմինե Պետրոսյան, «Я твоё дитя - Армения…»:

Գյուղացիներն նշում են, որ փաստացի իրենց խաբել են։ Գումարներ կորզել ու փախել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել միջոցառման կազմակերպիչների և անձամբ Հերմինե Պետրոսյանի հետ՝ պարզելու համար նման ստոր քայլի պատճառները։

Հերմինե Պետրոսյանի խոսքով՝ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել միջոցառման, տոմսեր վաճառելու և հետևանքների մասին։ Տվյալ միջոցառումը կազմակերպել է իր պրոդյուսերը, որի հետ այժմ ինքը չի աշխատում։

«Բոլոր կամակերպչական հարցերով զբաղվել է իմ պրոդյուսերը ժամանակին, հիմա նրա հետ կապ չունեմ, գժտություն է եղել մի փոքր։ Ես նույնիսկ չգիտեի։ Տոմսերի վաճառքի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Այս միջոցառման մասին էլ առաջին անգամ եմ լսում։ Շնորհակալ եմ, որ տեղեկացրիք»,- ասաց նա։

Հերմինե Պետրոսյանը իր խոսքում նշեց նաև, որ նման դեպքեր առաջին անգամ չեն տեղի ունենում։

«Անգամ Իսահակյան գյուղում էր դրվել միջոցառում առանց իմ իմացության։ Զանգահարել եմ գյուղապետին անձամբ զգուշացրել եմ, որ ես տեղյակ չեմ»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև պրոդյուսեր Դավիթ Գրիգորյանի հետ, ով կազմակերպել և վաճառել էր չկայացած համերգի տոմսերը։

Պրոդյուսերը տվեց բավականին լղոզված պատասխան, և չկարողացավ նշել նույնիսկ, թե որտեղ է ի վերջո կայացել համերգը։

Նրա խոսքով՝ Երվանդաշատում ելույթ է ունեցել Արմեն Դալլաքյանը «Հնարամիտ ծաղրածուի արկածները» ներկայացմամբ, չնայած նրան, որ գյուղի բնակիչները սպասում էին Հերմինե Պետրոսյանին։

«Օրն է փոխվել, չի՞ կարելի օր փոխել։ Կայացել է համերգը, չեմ հիշում՝ կոնկրետ որ օրը։ Դուք անցյալ տարվա բան եք ասում, ո՞նց հիշեմ։ Հերմինեին ես շատ տեղեր եմ տարել, կարող է՝ օրեր լինի, որ նա չհիշի»։

Զրույցից պարզ դարձավ, որ և՛ ներկայացման անունն է փոխվել, և՛ ամիսը, և՛ օրը, և՛ վայրը։

«Կայացել է, բայց ոչ թե ասմունքի երեկո է կայացել, այլ ներկայացում, թատրոն, մանկական թատրոն, դա Հերմինեի հետ կապ չունի»։

Փաստացի՝ ՀՀ մարզերում իրարից անկախ նմանատիպ «միջոցառումներ» են կազմակերպվում, գյուղացիներին համերգի տոմսեր վաճառում, բայց խոստացվածը չեն մատուցում, առանց պատասխանատվության ենթարկվելու։ Իսկ գյուղացիները աչքը ճամփին դեռ սպասում են իրենց սիրելի արտիստին։