«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի»,- մի առիթով ասել է Թաթուլ Կրպեյանը։
Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է:
Թաթուլ Կրպեյանը հայրենիքը մի անգամ արդեն կորցրած կարսեցիների ընտանիքում էր ծնվել։ Հայրենի հողի նկատմամբ կարոտն ու պաշտամունքը արյան մեջ էր, ուստի պատահական չէ, որ նա պիտի նետվեր մարտադաշտ։
Երազկոտ էր, դեռ մանկության տարիներից վարակվել էր անհագ ընթերցասիրությամբ։ Ինքն էլ ստեղծագործում էր։ Իր «բրաբիոն ծաղիկը» գտնելու երազով Թաթուլը նետվեց 88-ի համազգային շարժման հորձանուտը ու առաջիններից մեկը հասկացավ, որ «միայն զենքով կա հային փրկություն»:

Մայրաքաղաքում ուժգնացող հանրահավաքների հետ ուժգնանում էր Արցախի հայաթափության վտանգը, ուստի հարկավոր էր անցնել Ղարաբաղ եւ օգնել տեղաբնակներին՝ հարձակումներից պաշտպանվելու: Վաչե Սարուխանյանի եւ Իգոր Մուրադյանի հետ Թաթուլը մեկնեց Ղարաբաղ: Նրանց ստեղծած «Միացում» կազմակերպությունը Ղարաբաղում անելիք ուներ․․․
Գետաշենի վրա ամպեր էին կուտակվում: Հայ ֆիդայիների անձնազոհ նվիրումի շնորհիվ անառիկ դարձած Գետաշենը հայաթափելու համար չարաբաստիկ «Օղակ» գործողությունն էր նախապատրաստվում:
«Օղակ» էր կոչվում գործողությունը, որն իրականացվեց, ու Գետաշենը հայաթափվեց, բայց ակն դարձավ հայոց քաջարի պատմության ոսկեհուռ շղթայի հերոսական այն օղակը, որ զարդարվեց հայ քաջերի անձնազոհ սխրանքով. Թաթուլը՝ նռնակի օղակը քաշած, կախեց ձեռքը տանկի մեջ ու սպառնաց պայթեցնել, եթե գյուղ մտած զորքերին դուրս գալու հրահանգ չտրվի: Հեռակապով կապվեց զորքերի հրամանատարության հետ ու կարգադրեց հետ քաշել զորքերը.
– Նշանաբանը, – հարցրեց կապն ընդունողը:

Թաթուլն այն չգիտեր: Այդ պահին նա հասկացավ, որ կազմակերպված ռազմական գործողություն է իրականացվում, խլեց գնդապետ Մաշկովի ձեռքից գործողության ծրագիրը, ու ամեն ինչ հաստատվեց: Ելք չկար: Գործողության կասեցման հրահանգը միայն գնդապետը կարող էր տալ: Թաթուլը բռնեց Մաշկովի օձիքն ու ուղղորդեց այնտեղ, որտեղից հետդարձի հրամանն էր հնչելու: Հավատարիմ ընկերներ՝ Արթուրն ու Հրաչը, հետեւեցին նրան: Թաթուլը շրջվեց ու կարգադրեց հեռանալ: Տղաները նրան մենակ չթողեցին: Հնչեց դավադիր կրակոցն ու Թաթուլն ընկավ: Հրաչն իրեն կորցրած շրջվեց կրակոցի կողմը ու ընկավ հաջորց գնդակից, հետո՝ Արթուրը, հետո՝ գետաշենցի Վալերիկը, հետո…
Գետաշենը հայաթափվեց:
Վերջին անգամ, երբ գալիս էր Երևան, ասել էր. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»