Թռի, նոր ասա՝ հոպ. ԿԳՄՍՆ խորհրդապահական խախտո՞ւմ է արել, թե՞ տրվել են Բաքվի շանտաժին
copy image url

Թռի, նոր ասա՝ հոպ. ԿԳՄՍՆ խորհրդապահական խախտո՞ւմ է արել, թե՞ տրվել են Բաքվի շանտաժին

Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:00 06-04-2024
ՔՊ-ական իշխանության պաշտոնյաների խորհրդապահական գաղտնազերծումները էական վնաս են պատճառում պետությանը, ստեղծում հավելյալ ռիսկեր: Այս շարքի ամենաաղմկահարույց սկանդալը եղել է ամիսներ առաջ, երբ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում գաղտնազերծեց Վաշինգտոնում նախապատրաստվող հայ-ադրբեջանական բանակցային կարևոր հանդիպման մանրամասները: Արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց վաշինգտոնյան հանդիպումից, պատճառաբանելով, թե խախտվել է հանդիպման մասին խորհրդապահական պայմանավորվածությունը:

Այդպիսի խախտման հերթական դեպքը տեղի ունեցավ ապրիլի 5-ին: ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։

Հանդիպման մասին տարածված հաղորդագրության առաջին տարբերակում նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ հանդիպմանն առաջարկել է ԼՂ պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցն ընդգրկել մայիսի 13-15-ը Հաագայում կայանալիք «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովի օրակարգում՝ ընդգծելով, որ խոսքը 5000 անշարժ հուշարձանի և թանգարանային ցուցանմուշների մասին է։

Որոշ ժամանակ անց, սակայն, ԿԳՄՍՆ-ն խմբագրում է հաղորդագրությունը, հանելով Ժաննա Անդրեասյանի այս առաջարկի մասին հատվածը:

Այս փոփոխությունը հանրային լայն արձագանք է ստացել: Ոմանք կարծում են, թե ԿԳՄՍՆ-ն խորհրդապահական խախտում է կատարել, ժամանակից շուտ հանրայնացնելով Արցախի մասին կարևոր նախաձեռնությունը: Եթե այս ենթադրությունը ճիշտ է, ապա չի բացառվում, որ նախարարի առաջարկությունը կմերժվի խորհրդապահական խախտում կատարելու պատճառով: Եվ այս կարևոր հարցը չի ընդգրկվի համաժողովի օրակարգում:

Շրջանառվող մեկ այլ վարկածով՝ ԿԳՄՍՆ-ն նախարարին է վերագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը: Այսինքն՝ ենթադրելի է, որ ոչ թե նախարարն, այլ միջազգային գործընկերներն են առաջարկել Արցախի հուշարձանների պահպանման հարցն ընդգրկել նախատեսվող համաժողովի օրակարգում: Սակայն նախարարն իրեն է վերագրել նախաձեռնությունն, իսկ այնուհետև՝ միջազգային կազմակերպության դիտողությունից հետո, պաշտոնական հաղորդագրությունից հանվել է այս մասը: Այս անհամեստության պատճառով ևս չի բացառվում, որ կարևոր հարցը չընդգրկվի համաժողովի օրակարգում:

Ամենատարածված վարկածը, սակայն, այն մասին է, որ ԿԳՄՍՆ հաղորդագրությունը փոփոխվել է ադրբեջանական կողմի պահանջով: Ենթադրության հիմքն այն է, որ վերջին շրջանում շրջանառվում է խոսակցություն, թե ՀՀ-ն Բաքվի պահանջով մտադիր է հետ վերցնել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը բոլոր միջազգային ատյաններից և հրաժարվել Ադրբեջանի դեմ պահանջներ ներկայացնել Արցախի վերաբերյալ:

Այս առումով ենթադրելի է, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջել է հետ վերցնել նախարարի առաջարկը և հրաժարվել Հաագայում կայանալիք համաժողովում Արցախի հուշարձանների հարցը քննարկելու մտադրությունից: Եթե այսպես չէ, ապա Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ստիպված է լինելու պարզաբանել, թե ԿԳՄՍՆ հաղորդագրությունից ինչո՞ւ է հանվել նախարարի առաջարկի մասին տեղեկատվությունը, արդյո՞ք խորհրդապահական խախտում է տեղի ունեցել, թե՞ հաղորդագրությունը խմբագրվել է Բաքվի շանտաժին տուրք տալով: Ի վերջո՝ Արցախի հուշարձանների պահպանության հարցը կարո՞ղ է ընդգրկվել Հաագայում նախատեսվող համաժողովի օրակարգում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուս-թուրքական ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախը զավթելուց հետո հսկայածավալ ավերածություններ է կատարել, ռուս խաղաղապահների լռելյայն համաձայնությամբ քանդել Արցախի Հանրապետության խորհրդարանի շենքը, կոտրել Շարլ Ազնավուրի, բազմաթիվ հայ գրողների, հայտնի մարդկանց հուշարձանները, պղծել հայկական խաչքարներն և վանքերը:

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում